Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ


Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի, արխիվ

Անկարայում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի գլխավորած պատվիրակության կազմում է Պետդումայի մշակույթի, սպորտի, տուրիզմի ու երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Դեգտյարյովը:

Ժիրինովսկին Էրդողանին է ներկայացել «Շրջադարձ հյուսիս» իր կազմած ծրագիրը:

Դեգտյարյովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Էրդողան-Ժիրինովսկի 45 րոպե տևած հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: «Էրդողանը ծանոթացել է Ժիրինովսկու առաջարկներին, որոնք 16 կետ են պարունակում։ Նա ինքն է թուրքերենով գրել այդ առաջարկները», - ասել է Դեգտյարյովը՝ ներկայացնելով այդ կետերից հիմնականները:

Ժիրինովսկին Էրդողանին առաջարկել է ռազմական դաշինք կնքել Ռուսաստանի հետ։ Նա նաև առաջարկել է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի կարծիքով՝ հասունացել է Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա միություն ստեղծելու հարցը, որը մոտավորապես 500 միլիոն բնակչությամբ միություն կլինի, և այդ միությամբ կարելի է հակադրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:

Դեգտյարյովի փոխանցմամբ, թուրքական կողմը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, վստահությունը վերականգնելու ուղեգիծ է որդեգրել։ Նրա խոսքով՝ թուրքական էլիտան հատկապես սթափվել է Եվրամիության պահվածքից։ Դեպի Արևմուտք ճանապարհը, ըստ Դեգտյարյովի, Թուրքիայում հիմա քչերին է հետաքրքրում։ Նրա փոխանցմամբ, դա կարելի է տեսնել ու լսել մասնավոր զրույցներում:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքում Թուրքիայում Ժիրինովսկու հանդիպումների, շփումների մասին լուրեր, լուսանկարներ և տեսանյութ են տեղադրված: Նա հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարի հետ:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցություններից մեկն է, 39 պատգամավոր ունի: Խմբակցության ղեկավարը Վլադիմիր Ժիրինովսկին է, ով հայտի է իր վիճահարույց, երբեմն սկանդալային հայտարարություններով, իսկ վերջերս նա անհարգալից էր խոսել Հայաստանի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG