Մատչելիության հղումներ

Դոլարային միլիոնատերեր են ինչպես գործող վարչապետը, այնպես էլ նրա նախորդը


Եվ դժվար է միանշանակ ասել, թե նրանցից ով է ավելի հարուստ: Այդուհանդերձ, կարելի է ծանոթանալ նրանց ունեցվածքի հայտարարագրերին:

Թեև Հետաքննող լրագրողներն անդրադարձել են Հովիկ Աբրահամյանի և նրա հարազատների տարատեսակ բիզնեսներին, շքեղ առանձնատներին Հայաստանում ու արտասահմանում, նախկին վարչապետը հայտարարագրել է միայն 3 բնակարան և մեկ ավտոտնակ:

Կարեն Կարապետյանն ավելի մեծ թվով անշարժ գույք է հայտարարագրել՝ 4 բնակարան և մեկ ամառանոց:

Հովիկ Աբրահամյանը, ըստ հայտարարագրի, թեև ունի ավտոտնակ, բայց ավտոմեքենա չունի: Չունի նաև թանկարժեք իրեր:

Կարեն Կարապետյանը, մինչդեռ, երկու թանկարժեք ավտոմեքենա է հայտարարագրել՝ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5, ինչպես նաև 8 միլիոն դրամը գերազանցող 3 ձեռքի ժամացույց:

Եթե համեմատենք նախկին և ներկա վարչապետերի հայտարարագրած գումարը, ապա Կարեն Կարապետյանը զգալիորեն հարուստ է իր նախորդից: Սակայն եթե Հովիկ Աբրահամյանի հետ դիտարկենք նաև նրա կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի հայտարարագրած ունեցվածքը, ապա թվերն արդեն համադրելի են դառնում:

Եվ այսպես, պաշտոնը ստանձնելիս Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 3.7 միլիոն դոլար, 850 հազար եվրո, 55 միլիոն ռուսական ռուբլի և 120 միլիոն դրամ (դոլարային արտահայտությամբ՝ մոտ 5.7 միլիոն դոլար):

Պաշտոնը թողնելիս Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է մոտ 1.8 միլիոն դոլար (1.5 միլիոնը դոլար և 160 միլիոն դրամ): Նախկին վարչապետի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի հայտարարագրած ունեցվածքը զգալիորեն գերազանցում է Ազգային ժողովի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցրած ամուսնու կարողությունը․ տիկին Աբրահամյանը հայտարարգրել է ավելի քան 3.1 միլիոն դոլարի չափ գումար: Աբրահամյանների ընդհանուր ունեցվածքը, ըստ վերջին հայտարարագրերի, մոտավորապես 5 միլիոն դրամ է։

Սկսած 2011 թվականից ամեն տարի Աբրահամյան ամուսինները միասին հայտարարագրում են միջինը 70 միլիոն դրամ:

Կարեն Կարապետյանի հայտարարագրած եկամուտներն ավելի համահունչ են իր ունեցվածքին․
մինչև Հայաստանի վարչապետ դառնալը Կարապետյանը ղեկավար պաշտոն էր զբաղեցնում ռուսաստանյան Գազպրոմբանկում, և նրա եկամուտների մեծ մասը ռուբլով է: 2016 թվականին նա հայտարարագել է ընդհանուր առմամբ ավելի քան 70 միլիոն ռուսական ռուբլի կամ ավելի քան մեկ միլիոն դոլար եկամուտ՝ 6 տարբեր աղբյուրներից։

Գործող օրենքը դեռ չի պարտադրում բացահայտել ունեցվածքի գոյացման աղբյուրները:

Հիշեցնենք, երկու տարի առաջ, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է պետական պաշտոններ զբաղեցնելով միլիոններ դիզել, Հովիկ Աբրահամյանը ասել էր․ - «Ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ, և հայտարարագրում շատ մանրամասն, օրենքին համահունչ ես ներկայացրել եմ: Եվ դա իրոք աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ՝ հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ թույլատրվել է»:

Երկու միլիոնատեր վարչապետերը հայտարարել են, որ կախարդական փայտիկ չունեն կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու, Հայաստանի տնտեսական վիճակն արագորեն բարելավելու համար:

Հովիկ Աբրահամյան․ - «Դուք բոլորդ գիտեք, չէ՞, որ տենց չի, կախարդական փայտիկով չի, որ խփենք ու անենք»:

Կարեն Կարապետյան․ - «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա»:

Երկուսն էլ խոստացել են պայքարել կոռուպցիայի դեմ․ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ստեղծել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, իսկ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո կառավարությունը հավանություն է տվել ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին:

XS
SM
MD
LG