Մատչելիության հղումներ

Հայկական ընկերությունները ռուսաստանյան շուկայում խոչընդոտների են հանդիպել


ԵՏՄ խորհրդանիշը, արխիվ
ԵՏՄ խորհրդանիշը, արխիվ

«Գրանդ Տոբակո»-ի իրավաբանը հարց է հնչեցնում՝ «Հարգելիներս, բա Եվրասիական տնտեսական միության իմաստը ո՞րն է, եթե ես այդ շուկայում ապրանքային նշանի խնդիր ունեմ»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո առաջին ահազանգերն է ստացել տեղական արտադրողներից, որոնք ռուսական շուկայում խոչընդոտների են հանդիպել։

Հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանի խոսքով, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրական խախտում է տեղի ունեցել՝ ռուսական ընկերություններն արհեստական խոչընդոտներ են ստեղծել հայկական «Գրանդ տոբակո» և «Մարիաննա» ընկերությունների՝ ռուսական շուկա մուտք գործելու ճանապարհին։

«Մենք նաև դիմել ենք Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությանը, նրանք արդեն նախնական դիրքորոշում են ներկայացրել, որ առկա է մրցակցության հնարավոր խնդիր»,- «Ազատությանն» ասաց Կարապետյանը:

«Մարիաննա» ընկերությունն արդեն մեկ տարի է՝ պատրաստվում է արտահանման, սակայն, ինչպես փոխանցեցին ընկերությունից, դեռ արդյունք չունեն։ Ռուսական «Դեբոր» ընկերությունը, որն անգամ կաթնամթերք չի արտադրում, «Մարիաննա» անունով ընկերություն է գրանցել, և այժմ հայաստանյան արտադրողից պահանջում են Ռուսաստանում կաթնամթերք չիրացնել։ «Մեզնից պահանջել են, որ եթե հանկարծ մեր ապրանքը հայտնվի ռուսական շուկայում, պարտավորվում ենք 10-օրյա ժամկետում հավաքել և հանել շուկայից»: Ընկերությունն արդեն մեկ տարի է բանակցություններ է վարում այդ կազմակերպության հետ, որպեսզի կարողանա կաթնամթերք արտահանել։

«Գրանդ Տոբակո» ընկերությանն էլ «Ֆիլիպ մորիսն» է մեղադրել՝ իրենց ապրանքանիշին նմանեցված ապրանքանիշ օգտագործելու համար, Անգամ, ինչպես ՏՄՊՊՀ-ի իրավաբանն է ասում, հակամրցակցային համաձայության են եկել սուպերմարկետների մի ցանցի հետ, որպեսզի վերջինս չվաճառի «Գրանտ տոբակո»-ի ծխախոտը։ «Չսպասելով դատարանի որոշմանը՝ ընկերությունը կանխավ որոշել է, որ հայկական ընկերության արտադրանքը չպետք է իրացվի»,- ասում է ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչը:

«Գրանդ Տոբակո»-ի իրավաբան Նիկոլայ Հակոբյանի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո են իրենք մուտք գործել ռուսական շուկա։ Մաքսային մարմինների հետ խնդիրներ չեն ունեցել, սակայն, ներքին շուկայում են փորձում խոչընդոտներ ստեղծել իրենց հանեդեպ։ «Հարգելիներս, բա Եվրասիական տնտեսական միության իմաստն ինչո՞ւմ է կայանում, եթե ես այդ շուկայում ապրանքային նշանի խնդիր ունեմ»,- հարց է տալիս Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG