Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցման բանաձևին


Թուրքիան բավական կոշտ է արձագանքել այդ քվեարկությանը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեների մեծամասնությամբ այսօր հաստատեցին Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը:

Քվեների 479 կողմ 37 դեմ հարաբերակցությամբ հաստատված բանաձևով եվրոպացի խորհրդարանականները դիմում են Եվրամիության ղեկավար մարմնին` Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր պետություններին` կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է այն անհամաչափ պատժիչ գործողությունները, որոնք հաջորդեցին հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին: Դրա հետ մեկտեղ, Եվրոպական խորհրդարանի անդամները դեմ են Թուրքիայի հետ կապերի լիակատար խզմանը»`- նշված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում: Եվրամիության անդամ պետությունների ղեկավարաները Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցը կքննարկեն երեք շաբաթից`դեկտեմբերի 15-ին Բրյուսելում մեկնարկող գագաթաժողովի ընթացքում:

Նշենք, սակայն, որ Եվրամիության անդամ պետությունների շրջանում Անկարայի հետ բանակցությունների սառեցման շուրջ միասնական տեսակետ դեռևս ձևավորված չէ: Ավստրիան և Լյուքսեմբուրգը արտաքին գործերի նախարարների մակարդակով արդեն իսկ հայտարարել են բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին: Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու օգտին են հանդես գալիս Եվրամիության խոշորագույն պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (ՄԲ-ն դեռևս ձևականորեն ԵՄ անդամ է) և Գերմանիան:

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադարձավ երեկ` Բունդեսթագի լիագումար նիստի ընթացքում: Մերկելի համոզմամբ, Թուրքիայի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, հարկավոր է կոշտ քայլեր ձեռնարկել: Դրա հետ մեկտեղ, գերմանական կառավարության ղեկավարը համոզված է` անդամակցության բանակցությունների սառեցումն այս պահին նպատակահարմար չէ:

«Մենք չենք կարող արդարացնել մամուլի ազատության սահմանափակումներն ու հազարավոր մարդկանց ձերբակալությունները, որ տեղի են ունենում Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Գերմանիայի կառավարությունը հստակորեն քննադատել է թուրքական իշխանությունների ձեռնարկած այդ քայլերը: Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ Անկարայի հետ երկխոսության դադարեցումը սխալ է: Ես գերադասում եմ շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ: Մտահոգիչ զարգացումների դեպքում, սակայն, չեմ բացառում նաև կոշտ արձագանքի հնարավորությունը»,- ասել է Մերկելը:

Անկարայից հնչող արձագանքները, ինչպես և ակնկալվում էր, բավական կոշտ էին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ մինչև Եվրախորհրդարանում կայացած քվեարկությունը հայտարում էր, որ այն, անկախ արդյունքներից, Թուրքիայի համար որևէ արժեք չի կարող ներկայացնել: Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարարությունն էլ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ «Եվրախորհրդարանի բանաձևը պարտադիր ուժ չունի և հակասում է Եվրամիության անդամ պետությունների մեծամասնության մոտեցմանը, որի համաձայն, բանակցությունները պետք է շարունակվեն»`- նշված է թուրքական նախարարության հայտարարության մեջ:

Այս գերատեսչության նախկին ղեկավարը՝ Էգեմեն Բաղիշը համոզված է` Բրյուսելը Թուրքիայի հանդեպ երկակի չափանիշներ է կիրառում: «Եվրամիությունն իր հնարավոր ապագա անդամին` Թուրքիային օգնելու փոխարեն որոշել է քննադատել` մեր երկրի կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի համար: Դա ազնիվ մոտեցում չէ»`-պնդել է նախկին նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG