Մատչելիության հղումներ

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի հերթական ակցիաներն էին անցկացնում բանակում խաղաղ պայմաններում իրենց զավակներին կորցրած ծնողները և «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները:

Խաղաղ ակցիայի ժամանակ որդեկորույս մայրերից Իրինա Ղազարյանը հունից դուրս եկավ, երբ պաստառը պարզած փորձեց ներս մտնել կառավարության շենք, բայց հանդիպեց ոստիկանի դիմադրությանը։

Ոստիկանը կնոջը հրելիս պատռել էր որդու նկարով պաստառը․ - «Այ ստեղ որ կանգնում ա էս դռան մոտ, էն չաղ-չաղ կա, ինքը վերցրեց իմ էրեխու նկարը, ճղեց ու քցեց»:

Որդեկորույս ծնողներն ուզում են վարչապետ Կարեն Կարապետյան տեղեկացնել իրենց զավակների, ինչպես իրենք են պնդում՝ չբացահայտված սպանությունների մասին:

«Վարչապետը նորանշանակ ա, վարչապետը կոռուպցիայի դեմ ա պայքարում, հանցագործներին, վատ աշխատողներին հանում ա, տեղափոխում ա, ռակիրովկեք են անում․․․ Վարչապետը նաև թող մեզ լսի, որ տեսնենք էս վարչապետը մեզ ինչ ա ասելու: Մենք ուզում ենք իրա դիրքորոշումը լսենք մեր գործերի վերաբերյալ», - ասաց ցուցարարներից մեկը:

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո բանակում խաղաղ պայմաններում որդիներ կորցրած մայրերը նամակով հանդիպում են խնդրել նրա հետ: Որդեկորույս մայրերից Նանա Մուրադյանի փոխանցմամբ, կառավարությունից առայժմ հստակ պատասխան չեն ստացել․ - «Մենք Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցինք մեր գործերը, ու ինքը զարմացավ, ասեց՝ ո՞նց, էսքան հակասություններ կան, էսքան սխալներ կան, ու մինչև էսօր ձեր գործերը բացահայտված չե՞ն: Զարմացավ ինքը: Հիմա էլ իրա [Կարեն Կարապետյանի] դիրքորոշումն ենք ուզում լսենք»:

Թե՛ Նանա Մուրադյանը, թե՛ Իրինա Ղազարյանը, և նրանց հետ բողոքի ակցիաների մասնակցող մյուս ծնողները պնդում են, որ իրենց որդիներին սպանել են։

Պաշտոնական վարկածով ինքնասպան եղած Նանա Մուրադյանի որդու՝ Վալերի Մուրադյանի քրեական գործը կարճել են․ նախաքննական մարմինը եզրահանգել է, որ բացահայտված չեն նրան ինքնասպանության դրդած անձինք։ Նանա Մուրադյանին վերջերս ընդունել էր նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը, ըստ որդեկորույս մոր, խոստացել էր վերանայել գործը և վերացնել կարճման մասին որոշումը։

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ի տարբերություն որդեկորույս մայրերի, նոր կառավարությունից ակնկալիք չունեն։ Բայց նաև համոզված են, որ պարապուրդի մատնված իրենց գործարանը ցանկության դեպքում կարելի է վերագործարկել։

«Ես առայժմ չեմ նկատել տարբերությունը հին և նոր կառավարությունների գործելակերպի մեջ», - ասաց նախկին նաիրիտցիներից Արայիկ Կարեյանը:

Ավելի քան 30 տարի «Նաիրիտում» ինժեներ աշխատած Կարեյանը արդեն 2 տարի շինարարությամբ է տունը պահում՝ արտերկիր է մեկնում ու վերադառնում, բայց նաև «Նաիրիտ»-ում աշխատանքը վերակագնելու հույսը չի կորցնում․ - «Եվրոպական հոլդիլգը հայտ ա ներկայացրել, որ ուզում է ներդրումներ կատարել գործարանի վերագործարկման հետ կապված: Ինձ համար տարօրինակ է․ Ազգային ժողովում հարց հնչում է՝ ի՞նչն է պատճառը, որ թույլ չեն տալիս հոլդինգի ներդրմանը: Իսկ նա [Ֆինանսների նախարարը] պատասխանում է նույն պատասխանը՝ 2017 թվականին Հայաստանի բյուջեում նախատեսված չի գումար, և մենք հնարավորություն չունենք «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված»:

Նախկին նաիրիտցիները հավաստիացնում են, որ իրենք պատրաստ են շարունակել աշխատանքն ու նախկինի նման գործի գցել կաուչիկի արտադրությունը։

Տասն օր առաջ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հաղորդեց, որ մրցույթ է հայտարարել՝ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան»-ի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։ Հնարավոր ներդրողների մասին այս պահին կառավարությունը մանրամասներ չի հայտնում:

XS
SM
MD
LG