Մատչելիության հղումներ

Հռիփսիմե Խուրշուդյան․ Խթանիչներ օգտագործել եմ՝ հավասար պայքարի համար


Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյան և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյան, 24-ը նոյեմբերի, 2016 թ․

Ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյան և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյան, 24-ը նոյեմբերի, 2016 թ․

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի խոսքով, մրցունակ լինելու համար «մրցակիցների հետ պետք է կռվել նրանց զենքով»։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի հերքում, որ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը դեռևս 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին արգելված խթանիչներ է օգտագործել։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ալավերդյանը պնդեց՝ քանի որ այդ ժամանակ բոլորն օգտագործել էին խթանիչներ, Խուրշուդյանը ևս օգտագործել էր, որպեսզի հավասար պայքարի հնարավորություն ստանա: «Հայ մարզուհու կարգավիճակում են 40-ից ավելի մարզիկներ»,- ասաց գլխավոր մարզիչն ու հավելեց՝ «Նման դեպք եղել է, մենք համաձայնել ենք նրանց որոշման հետ, իսկ թե ինչքան ժամանակով պետք է որակազրկեն, դա կորոշի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։ Իսկ ֆեդերացիան դեռ ոչինչ չի արել»:

Օրերս հաղորդվեց, որ 29-ամյա ծանրորդուհու անալիզների մեջ հայտնաբերվել են արգելված տուրինաբոլ և ստանոզոլ նյութերը: Թե ինչու է արգելված խթանիչներ օգտագործել, այդ հարցին ի պատասխան, մարզուհին բերեց ռուս ծանրորդուհի, աշխարհի քառակի չեմպիոն Տատյանա Կաշիրինայի օրինակը։ «Ձեր կարծիքով Կաշիրինան ոչինչ չի՞ անում։ 10 տղամարդու ուժի բան էր բարձրացնում։ Ես էլ պետք է անեմ, որ հասնեմ իր ուժին»,- ասաց Խուրշուդյանը:

Նրա պնդմամբ, հավասարը հավասարի հետ պայքարի դեպքում ինքն էլի անպայման մեդալ կնվաճի՝ «Իսկ եթե իրենք օգտագործեն, ես ոչ, ապա կհայտնվեմ 30-րդ հորիզոնականներից էլ ներքև»: Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էլ հավելեց՝ եթե ուզում ես մրցունակ լինել, մրցակիցների հետ «պետք է կռվել նրանց զենքով»։

Ծանրամարտի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պնդում է՝ այդ տարիներին գրեթե բոլորն են դոպինգ ընդունել։ «2008, 2004 թվականներին օլիմպիական մասնակիցների 90 տոկոսն է օգտագործել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալավերդյանը:

2012-ի մրցումներից առաջ Խուրշուդյանը 5 անգամ ստուգում է անցել։ Հինգի դեպքում էլ արգելված միջոց չի հայտնաբերվել։ Ի՞նչն է փոխվել հիմա։ Փոխվել է համաշխարհային դոպինգային կազմակերպության հետազոտության մեթոդաբանությունը։ Պարզաբանում է Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

«Ստացվում է այնպես, որ մարզիկներն իրոք ընդունել են [խթանիչներ], բայց ընդունել են մտածելով և, փաստորեն, դոպինգ ստուգման ժամանակ 2012 և 2008 թվականներին այդ նյութերը հնարավոր չէր հայտնաբերել: Հիմա արդեն հնարավոր է»,- ասում է Արեգ Հովհաննիսյանը: Նա Հռիփսիմե Խուրշուդյանին չի արդարացնում, խթանիչն իսկապես արգելված է, մարզուհին էլ խախտել է ընդունված կանոնը։ Սակայն, վստահեցնում է՝ հայ ծանրորդուհին մեծամասնության մեջ է։ «Եթե բոլոր ծանրամարտիկներին 2008 թվականից ստուգեն, բոլորի մոտ կհայտնաբերեն այդ նյութերը, որովհետև այդ թվականներին բոլորն էին ընդունում»:

Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ վրդովված հարց է տալիս ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին՝ «Հռիփսիկի մեդալը որ տանում են, չորրորդ տեղի անալիզը պետք ա բացեն՞, Բախը թող դրա մասին մտածի»:

Համաշխարհային դոպինգային կազմակերպությունը հետազոտություն անցկացնողն է։ ՄՕԿ-ը կարող է մեդալը հետ պահանջել, ինչն էլ արել է, սակայն, մարզիկին որակազրկելու իրավունք ունի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։ Այժմ Խուրշուդյանը ժամանակավորապես հեռացվածի կարգավիճակում է։

Արեգ Հովհաննիսյանը նշում է՝ եթե մարզիկն արգելված միջոցներ է օգտագործել մրցումներից առաջ, նրան որակազրկում է սպառնում։ Բոլորովին այլ հարց է, երբ տարիներ անց է բացահայտվում մարզիկի զանցանքը։ «Թե ինչ պատիժ պետք է լինի, ոչ մի տեղ գրված չի, դրա համար էլ այսքան երկար ձգվում ա»:

Քանի դեռ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Խուրշուդյանին որակազրկելու որոշում չի կայացրել, մեր 29-ամյա ծանրամարտիկը շարունակելու է մարզումները։ 2017-ին նախատեսվում է գումարել համաշխարհային հակադոպինգային կոնգրես և սահամնել հստակ պատժամիջոցներ՝ դոպինգ օգտագործած մարզիկին տարիներ անց հայտնաբերելու դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG