Մատչելիության հղումներ

Առաջիկայում ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում չի փոխվի․ ֆրանսիացի վերլուծաբան


ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, 20-ըո նոյեմբերի, 2016թ․

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփ, 20-ըո նոյեմբերի, 2016թ․

Ինչպե՞ս է Թրամփի ընտրությունն անդրադառնալու Հարավային Կովկասի վրա․ դա է փորձել պարզել International ֆրանսիական հանդեսի վերլուծաբանը, շեշտելով, որ չնայած մեկուսանալու իր հակումներին՝ ամերիկացի նոր առաջնորդը ստիպված է լինելու միջազգային քաղաքականության մի շարք առանցքային հարցերով զբաղվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Հոդվածագիրն արձանագրում է՝ պաշտոնական Վաշինգտոնը Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում ունի: Վրաստանում Միացյալ Նահանգների ներդրումն ամենամեծն է քաղաքական, տնտեսական և ռազմական առումով. 2004-ին Վաշինգտոնը աջակցել է «Վարդերի հեղափոխությանը», ինչի շնորհիվ իշխանության եկավ արևմտամետ Միխեիլ Սաակաշվիլին: Այս շրջադարձը պատճառ դարձավ 2008-ի ռուս - վրացական պատերազմի, հիշեցնում է հեղինակը շարունակելով:

Տարածաշրջանի մյուս երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես տուժում են Ռուսաստան - Միացյալ Նահանգներ մենամարտից, շարունակում է հոդվածագիրը: Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է, Ադրբեջանը, մի կողմից, անկախ քաղաքականություն է վարում, մյուս կողմից՝ Ռուսաստանից ակտիվորեն զենք է գնում, միևնույն ժամանակ էլ հրաժարվում է միանալ Կրեմլի գլխավորած տնտեսական դաշինքին, փաստում է ֆրանսիացի լրագրողը և ավելացնում․ - «Չնայած Ադրբեջանի՝ Ամերիկայի հետ ունեցած տնտեսական սերտ կապերին, այս երկու երկրների հարաբերությունները հաճախ են լարվում՝ Բաքուն Վաշինգտոնին մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու և երկիրը ապակայունացնելու փորձերի մեջ»:

Ի՞նչ են Թրամփից ակնկալում Թբիլիսին, Երևանն ու Բաքուն․ այս հարցի պատասխանը ֆրանսիացի լրագրողը փնտրել է Սպիտակ տան նորընտիր ղեկավարին ուղղված շնորհավորական ուղերձներում. Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի համար կարևորը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում և Ռուսաստանի հետ հարաբերություններում Վաշինգտոնի աջակցությունն է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտը դրել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան միջնորդական դերակատարության վրա, միևնույն ժամանակ պահը բաց չթողնելով հիշեցրել, որ իր երկրի «20 տոկոսը հայերի կողմից օկուպացված է», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «մշուշոտ է»՝ նա ողջունում է նոր նախագահի փորձառությունը և երկու երկրների սերտ հարաբերությունները:

Ֆրանսիացի վերլուծաբանի կարծիքով՝ առաջիկայում ամերիկյան քաղաքականությունը Կովկասում չի փոխվի: Իսկ արդյոք Թրամփը գիտի՞ Կովկասը, հարց է հնչեցնում հոդվածագիրը՝ պատասխանելով․ - «Այո, բայց քիչ. Վրաստանում և Ադրբեջանում հյուրանոցներ կառուցելու պլաններ ուներ, երկու նախագծերն էլ ձախողվեցին, սակայն Թրամփի ընտանիքը կարողացավ ծանոթանալ տարածաշրջանի տնտեսական և ռազմավարական հարցերին»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն աղքատ երկիր է, որի տնտեսությունը տկարանում է իշխանական վերնախավի կոռումպացված գործունեության պատճառով, և, ամենայն հավանականությամբ, Հայաստանը երբեք էլ հետաքրքրություն չի առաջացրել նյույորքցի գործարարի մոտ, եզրափակում է ֆրանսիացի լրագրողը International հանդեսում հրապարակած հոդվածում:

XS
SM
MD
LG