Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում և շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար:

Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու: «Պարո՛ն Նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին»,-հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները:

Հանրապետության նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը, ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռևս առկա խնդիրները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարևորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG