Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է նախորդ տասը ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնք վկայում են, որ հատկապես տարվա երկրորդ կիսամյակից սկսած Հայաստանում տնտեսությունը անկում է ապրում, տնտեսական ակտիվության ցուցանիշը բացասական է:

Բացասական այս դինամիկայի վրա ուշադրություն է հրավիրում տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը․ - «Առաջին տասը ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց ընդամենը 0.4 տոկոս, որը մեր նման տնտեսությունների համար համազոր է ստագնացիայի, այսինքն աճ չկա, նույնիսկ կարելի է ասել, որ դա տնտեսական անկում է: Իմ կարծիքով, առաջիկայում այդ խնդիրները գնալով խորանալու են, ամենալուրջ խնդիրները դեռ առջևում են»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, 0.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը վկայում է, որ Հայաստանի վերցրած վարկերը արդյունավետ չեն օգտագործվել․ - «Տասը ամսվա արդյունքով 0.4 տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ․․․ դա ըստ էության ոչ այլ ինչ է, քան ամրագրել այն, որ մենք հաջողությամբ ձախողել ենք այս ժամանակաշրջանում տնտեսական բարեփոխումների վեկտորը: Եվ որ ամենակարևորն է՝ ներգրավված վարկերը ահռելի ծավալով աճել են, բայց դրանք տնտեսության մեջ լրացուցիչ աշխուժացում չեն մտցրել»:

Բացի այդ, Մանուկյանի խոսքով, տնտեսության այս պասսիվության մեջ իր մեղավարությունն ունի նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունը․ - «Կենտրոնական բանկը էնքան ա արհեստական զսպել դրամին և մնացած գործոնները, որ մենք դրա արդյունքում նաև զոհաբերել ենք տնտեսական ակտիվությունը: Այսինքն, Կենտրոնական բանկը պաստարալսա»:

Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ անկումը վիճակագրական վարչությունը գրանցել է գյուղատնտեսության ոլորոտում: Այն, ինչ կատարվել է այս ոլորտում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, անգամ տնտեսագետների համար պարզ չէ՝ համապատասխանաբար 20 և 30 տոկսանոց անկում:

«Գուցե սա էն դեպքն ա, երբ որ Ազգային վիճակագրական ծառայությունը նախկին «նկարած» հավելագրումները մաքրելու նպատակով որոշել ա էս ամիս ռեստարտ անել իր թվերը: Էստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ նոր կառավարության համար քաղաքական իմաստով նման ռեստարտ-ները էնքան էլ ձեռնտու չեն: Մի խոսքով, էդտեղ շատ կասկածելի թվեր կան: Բայց էն, որ տնտեսության վիճակը վատանում է, կարող ենք արձանագրել նույնիսկ որպես քաղաքացիներ», - ասաց Հայկ Գևորգյանը:

Մեծ անկում է տեղի ունեցել հատկապես խաղողագործության ոլորտում․ նախորդ տարվա համեմատությամբ 38 տոկոսով պակասել է խաղողի արտադրությունը: Արտակ Մանուկյանի կարծիքով, պետությունը չկարողացավ բարդ իրավիճակում ապահովել ֆերմերների վստահությունը․ - «Գյուղացիները սկսեցին մտածել․ եթե մենք պայմանագրեր ենք կնքում և շուրջ մեկ տարի անընհատ վազում ենք, մեր փողն ենք ուզում և այդպես էլ չենք ստանում, ի՞նչ իմաստ կա ընդհանրապես խաղող աճեցնելը: Սա արդյունքն է նրա, որ պետությունը չկարողացավ այդ վստահություն կոչվածը տրամադրել, որի արդյունքն էլ էն է, որ որոշ մասը միգրացիայի ենթարկվեց, գնաց ուրիշ տեղեր, որոշ մասն ընդհանրապես սկսեցին խաղողը ոչ հեռանկարային դարձնել: Սա մի փոքր չի խոսում մեր կոնցեպցիաների հետ, որովհետև մենք փորձում ենք գինեգործությունը առաջ տանենք, տուրիզմը առաջ տանենք, հատկապես ագրոտուրիզմը»:

Մինչ անկում է ապրում գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտրաշրջանառությունը, կրճատվում է էլեկտրաէեներգիայի սպառումը, պարզվում է, որ այս տարվա տասը ամիսներին արտահանումն ավելացել է 20 տոկոսով: Տնտեսագետները կասկածելի են համարում արտահանման այս տվյալները
և չեն բացառում, որ Հայաստանի միջոցով տեղի է ունեցել վերաարտանանում:

«Երբ որ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կհանվեն, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչպիսի արտահանում ունենք Հայաստանից կոնկրետ, ասենք, լոլիկի դեպքում: Կամ թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանումները դեպի Ռուսաստան այս տարի ավելի շատ են եղել, քան արտադրվել է Հայաստանում: Չի կարող նման բան լինել: Այդ իսկ պատճառով ես այդքան էլ չէի հավատա արտահանման ցուցանիշներին», - ասաց Հայկ Գևորգյանը:

XS
SM
MD
LG