Մատչելիության հղումներ

logo-print

Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին ազատազրկված վկաներն այդպես էլ դատարան չբերվեցին


Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, արխիվ

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, արխիվ

Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ այդպիսով՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստը զրկվեց արդար դատաքննության իրավունքից:

Այսօրվա դատական նիստին «Տոնածառի» գործով հարցաքննությունների փուլն ավարտվեց, սակայն, առանցքային վկաներ՝ «ձմեռ պապ» Կարո Եղնուկյանը, «քայլող տոնածառ» Հովհաննես Ղազարյանը, ինչպես նաև «Սասնա Ծռեր» զինված խմբի չորս անդամներ, այդ թվում՝ Վարուժան Ավետիսյանը, այդպես էլ դատարան չբերվեցին: Գևորգ Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ այդպիսով՝ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող ընդդիմադիր ակտիվիստը զրկվեց արդար դատաքննության իրավունքից:

Քննչական կոմիտեն առարկել էր, որ ազատազրկված ընդդիմադիրները դատարան բերվեն՝ պնդելով, թե նրանք կարող են նախաքննական գաղտնիքներ փոխանակել իրենց ընկեր Գևորգ Սաֆարյանի, լրագրողների ու դահլիճում ներկաների հետ: Քաղաքական գործիչների դատավարություններից հայտնի դատավոր Մնացական Մարտիորսյանը համաձայնել է Աղվան Հովսեփյանի գլխավորած կոմիտեի հետ: Դատավորն այսօր ինքը մեկ առ մեկ ընթերցում էր «Սասնա Ծռեր»-ի ու մյուսների նախաքննական ցուցմունքները․ բոլորն էլ միաբերան պնդել էին՝ Գևորգը ոստիկանին չի հարվածել:

Իսկ դահլիճում ցուցմունք տված վերջին վկան՝ զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբորորդի Սևակ Մանուկյանն ավելացրեց՝ ոստիկաններն են իրենց հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Սևակն ուշաթափվել է ու նոր տարին դիմավորել հիվանդանոցում: Վկան պատմեց նաև, որ հիվանդանոցում հանդիպել է գործով տուժող Գեղամ Խաչատրյանին, շեշտեց՝ ոստիկանի դեմքին անգամ քերծվածք չկար, այնինչ, ըստ մեղադրականի, Գևորգի հարվածից նրա հոնքն արնահոսել էր, ուռել ու փակել աչքը:

Այսօր ցուցմունք տվեց նաև ինքը՝ մեղադրյալը, հերթական անգամ պնդելով՝ գործը վերից վար շինծու է, իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանն էլ «անձնական թշնամանք» ունի իր նկատմամբ: Դատավարությունը շարունակվելու է վաղը:

XS
SM
MD
LG