Մատչելիության հղումներ

Մինչ խորհրդարանական ընտրությունները մարզային ՀԸ-ների ճակատագիրն անորոշ կմնա


Պատկան մարմինները սպասում են, որ առաջիկայում շուկայում կհայտնվի մասնավոր մուլտիպլեկսը՝ թվային օպերատորը: Սակայն, ավելի վաղ հայտարարված մրցույթի ժամանակ ներդրող այդպես էլ չհայտնվեց:

Մինչ մարզային մի շարք չթվայնացված հեռուստաընկերություններ ահազանգում են, որ փակման եզրին են, պատկան մարմինները հայտարարում են, թե մինչ խորհդարանական ընտրությունների ավարտը հնարավոր չի լինի այդ խնդրին օրենսդրական լուծում տալ:

Մարզային հեռուստաընկերություններից շատերի համար նոր թվային համակարգին անցնելը լրջագույն ֆինանսական խնդիր է, ինչը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով, անհավասարության ու խտրականության դրսևորում է: «Եթե էսպես երկար շարունակվի և մենք սպասենք ընտրությունների ավարտին, ապա այս ընկերություններն ուղղակի կարող են դադարել՝ գործել, որովհետև իրենք շատ արագ կորցնում են իրենց լսարանը»,- ասաց Մելիքյանը:

«Լոռի թիվի»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը հույս ունի, որ 21-րդ դարում իրեն ժողովրդավարական համարող պետությունում հեռուստաընկերություններ չեն փակվի: Հատկապես, այն պարագայում, երբ, ըստ Ավետիսյանի, մայրաքաղաքային լրատվամիջոցներից շատերը գրեթե չեն անդրադառնում մարզային խնդիրներին, և այդ բացը լրացնում են հենց մարզային ԶԼՄ-ները:

Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու և ոլորտում հավասար պայմաններ ստեղծելու համար մարզային մի խումբ հեռուստաընկերություններ օրեր առաջ նամակով դիմել էին Հայաստանի իշխանություններին: Այսօր այդ հարցով հրավիրված քննարկման ժամանակ մասնակիցները հարցի լուծման միջանկյալ տարբերակներ էին որոնում: Այդ տարբերակները, սակայն, միանշանակ չընդունվեցին հանդիպմանը ներկա մարզային բոլոր լրատվամիջոցների ղեկավարների կողմից:

«Մարզային մուլտիպլեկսորները հնարավորոթւյուն ունեն, կոնկրետ Լոռու մարզում, 4 հեռուստաընկերություն հեռարձակել: Այս դարում հեռուստաընկերություն փակելը պարզապես ամոթ է»,- ասում է «Լոռի թիվի»-ի տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Պատկան մարմինները սպասում են, որ առաջիկայում շուկայում կհայտնվի մասնավոր մուլտիպլեկսը՝ թվային օպերատորը: Սակայն, ավելի վաղ հայտարարված մրցույթի ժամանակ ներդրող այդպես էլ չհայտնվեց: Հարցին՝ հնարավոր չէ՞ մեծ ներդրողին սպասելու փոխարեն, խնդիրը լուծել մի քանի փոքր մուլտիպլեկսներ կիրառելով՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը պատասխանեց, թե այդ կերպ «կկղզիացվի մեդիա դաշտը»:

Մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներն այսօր հիմնականում սրտեղնած էին այդ դաշտում տիրող անորոշությունից: Նրանք մտահոգված են, որ այստեղ նաև «թաքնված գրաքննություն» կա: Այդուհադերձ, ՀՌԱՀ նորընտիր անդամ Տիգրան Հակոբյանի կարծքով, խնդիրն ավելի շուտ տեխնիկական և ռազմավարական է, այլ ոչ՝ քաղաքական:

«Այսինքն, միտում, որ մարզային հեռուստաընկերությունները պետք է փակվեն, իսկապես չկա: Չկա ոչ թե այն բանի համար, որ մենք ազատ խոսքը պաշտպանող իշխանություններ ունենք, ոչ: Ուղղակի մարզային հեռուստաընկերությունների մեջ վտանգ չեն տեսնում»,- ասաց Հակոբյանը:

XS
SM
MD
LG