Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել է օրենսդրական բարեփոխումները


Լուսանկարը՝ արդարադատության նախարարության լրատվականի
Լուսանկարը՝ արդարադատության նախարարության լրատվականի

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Ալան Միլին:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին ամիսներին նախարարության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները և նշել է, որ Հայաստանը սահմանադրական բարեփոխումներից հետո թևակոխել է լայնածավալ օրենսդրական բարեփոխումների փուլ, որի առաջին արդյունքը կոնսենսուսով Ընտրական օրենսգրքի ընդունումն էր: Նրա խոսքով՝ փաստաթղթի շուրջ տեղի են ունեցել տևական քննարկումներ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասարության սկզբունքով մասնակցությամբ, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներգրավվածությամբ և աջակցությամբ:

Նախարարն անդրադարձել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ու գործարկմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացին, դատաիրավական համակարգի անկախությանը և ապօրինի հարստացման քրեականացմանը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, կարևորել մի շարք ոլորտներում օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG