Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը քննարկում է 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի երկրորդ ընթերցումը նախագծում որոշակի փոփոխություններ հնարավոր են։ 1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է խորհրդարանի մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում մոտ մեկ շաբաթ առաջ ընդունվեց։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով դեռ վաղ է ասել, թե ինչ վերջնական տեսք կունենա օրինագիծը, բայց այն հիմա մասնագիտական խմբերի կողմից վերանայվում է, զուգահեռ Պաշտպանության նախարարությունում քննարկումներ են անցկացվում մասնագետների և ոչ մասնագետների հետ։

«Ի՞նչ կարող է լինել՝ բերեք չկռահենք ու չփորձենք հստակ գնահատական տալ: Ժամանակ կլինի՝ մինչև երկրորդ ընթերցում, հետո երրորդ ընթերցում, մենք այդ ընթացքում կիմանանք նորությունները», - մանրամասնեց ՊՆ խոսնակը:

Իշխող հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ հարցը պետք է խորը վերլուծվի, բայց կամավորության սկզբունքը ներդնելու դեպքում պետք է քննարկել նաև առաջացող բարդությունները և դրանից ավելացող կազմակերպչական ծախսերը։

«Եթե մեծ չի լինի ծախքերը դրա հետ կապված, ես կարծում եմ, որ դա իսկապես արժանի է, որ լրջագույն քննարկման ենթարկվի», - ասում է Մինասյանը:

Ընդդիմության մի մասը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ այդ նպատակի համար գումար պետք է տա պետությունը: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, 1000 դրամ վճարելուց դիմում գրելու միջոցով հրաժարվելու տարբերակում ժողովրդին բարոյական ճնշման են ենթարկում։

«Ես կարծում եմ՝ շատ անբարոյական մոտեցում է, և մեր կուսակցությունը դրա մասին հայտարարություն է արել: Ավելին՝ անհատականացնում են այդ ճնշումը: Մենք դա համարում ենք անընդունելի», - ասում է Զուրաբյանը:

ՀԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել` կոչ անելով պատգամավորներին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել։ Զուրաբյանի խոսքով, օրինագիծը ժողովրդին բանակից օտարում է: - «Ժողովուրդը ուղղակի չի ընդունում այսպիսի մոտեցում», - ասում է նա:

Օրինագծին դեմ հանդես եկող «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ է վստահ, որ կամավոր տարբերակը խնդիրը չի լուծի, քանի որ շատ գործատուներ կստիպեն աշխատակիցներին վճարել 1000 դրամը և արդյունքում պետությունը կմտնի քաղաքացիների գրպանը: - «Պետք չէ դա շահարկել, որովհետև մենք հենց այնպես չենք վճարում հարկերը․ հարկերը վճարում ենք, որպեսզի մեր զինվորները ունենան նա՛խ համապատասխան պաշտպանություն, և մենք էլ նույնպես ունենանք համապատասխան պաշտպանություն»:

«Բարգավաճ Հայաստանը», որը նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել, վճարումը կամավոր դարձնելուն դեմ է։ Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, կարելի է որոշ խմբերի համար կամավոր դարձնել, բայց ամբողջականին իրենք դեմ են, քանի որ այդ դեպքում ազգ-բանակ գաղափարը, որի հեղինակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, չի գործի․ - «Կամավորը պետք է լինի նրա համար, որ որոշ կատեգորիաների վերաբերի: Ոնց որ ասացինք, որ, ասենք, նվազագույն աշխատավարձ ստացողների համար գործատուներն են, չէ՞ վճարելու: Ես դեմ եմ, որ բոլորի համար կամավոր թողնեն»:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող մեկ այլ տարբերակով էլ 1000 դրամը աշխատակցի փոխարեն հնարավոր է գործատուն վճարի։

XS
SM
MD
LG