Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ օրեր առաջ տեղի ունեցած հրթիռակոծությունները համայնքի ղեկավարներին ստիպել են առնվազն մեկ օրով փակ պահել կրթօջախները։

Երկու օր առաջ կառավարության հսկողության տակ գտվող թաղամասերում ռմբակոծվել էր դպրոցներից մեկը, զոհվել էր 7 սիրիացի երեխա։

Պողիկյանի փոխանցմամբ, օրեր շարունակ խաղաղ չէ ոչ միայն Հալեպի արևելյան շրջաններում, որոնք գտնվում են են զինյալների վերահսկողության տակ, այլև կառավարության հսկողության ներքո գտնվող արևմտյան թաղամասերում, որոնք է բնակեցված են նաև հայերով։ Այսօր ևս հրթիռներ են արձակվել հայաբնակ Ազիզյե թաղամասի ուղղությամբ․ զոհեր, բարեբախտաբար, չկան։

Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլն ահազանգեց, որ Հալեպի արևելյան շրջաններում հիվանդանոցները հավասարեցվել են հողին, և որ 250 հազար մարդ մնացել է առանց բուժօգնության։

«Հալեպում սնունդ գրեթե չի մնացել, դեղորայք, վիրակապեր ու այլ բժշկական նյութեր չեն մնացել: Բնակչությունն անգամ խմելու ջրի պակաս ունի», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի պաշտոնյայի ուշադրության կենտրոնում հայտնված արևելյան թաղամասերից մի քանի կիլոմետր է հեռու հայաբնակ արևմտյան հատվածը։ Ազիզյե թաղամասում բնակվող Մայդա Բակկալյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ չնայած արևելյան թաղամասերում վիճակն էլ ավելի սարսափելի է, բայց իրենց մոտ ևս այն նորմալ չի կարելի համարել։ Մայդայի խոսքով, հիվանդանոցում, որը իրենց տան հարևանությամբ է գտնվում, ո՛չ բժիշկ է մնացել, ո՛չ էլ դեղորայք։

Սիրիական պատերազմի 5 տարիների ընթացքում Մայդայի բոլոր հարազատները՝ ավելի քան 40 հոգի, հեռացել են Հալեպից։ Այստեղ են մնացել նրա ամուսինը, քույրն ու 91-ամյա մայրը։

Սիրիայում ապրող հայերը ասում են, որ 8 ամիս է, էլեկտրականություն չունեն, օգտվում են մասնավոր էլեկտրակայաններից։ Կենցաղային հարցերը մեծ դժվարությամբ են լուծում։

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով սիրիահայերի խնդրին՝ նշեց, որ Հայաստանը միակն է, որ չի փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Հալեպում և շարունակում է աջակցել այնտեղ ապրող հայերին, անգամ դուրս գալ ցանկացողներին օգնում է հնարավորինս արագ տեղափոխվել Հայաստան։

«Ինչ-որ կա մի միտում, որ պետք է բոլորին տեղահանել․․․ մարդկանց ցանկությամբ պետք է լինի: Ովքեր դիմել են, բնական է, դա միշտ արվում է: Հենց տեղում նստած է [Հայաստանի ներկայացուցիչը]: Նույնիսկ եղել է իրավիճակ, երբ ռմբակոծվում էր հենց էդ թաղամասը: Ինքը ասել էր՝ ստեղից դուրս չեմ գա, որովհետև իմ դուրս գալը հայկական համայնքում խուճապային տրամադրություն կառաջացնի», - ասաց Քոչարյանը:

«Հալեպի հայկական համայնքը կարողանում է գոյատևել դրսից ուղարկած օգնությունների միջոցով», - «Ազատության» հետ զրույցներում ասում են սիրիահայերը։ Վերջերս Ռուբեն Վարդանյանի ղեկավարած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացրել սիրիահայերի կարիքները հոգալու համար։ Գումարները հատկացվում են ինչպես Հալեպում բնակվող, այնպես էլ Հայաստան գալու ցանկություն ունեցողներին։

Արդեն 4 տարի Երևանում բնակվող սիրիահայ Հրայր Ակիլյանն ասում է, որ վերջին 2 ամսվա ընթացքում Հայաստան եկողների թիվը կտրուկ աճել է։ Ակիլյանի հարազատները ևս հեռացել են Հալեպից։ Նրա խոսքով, Հալեպում մնացած հայերը այնտեղ են սեփական կամքով, որոշակի պայմաններով բերումով՝ ֆինանսական, ընտանեկան, գործարար:

Ըստ Սփյուռքի նախարարության, արդեն 5 տարի շարունակվող պատերազմում շուրջ 150 հայ է զոհվել, 180-ը՝ վիրավորվել։ Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար սիրիահայ։ Տարբեր տվյալներով, Սիրիայում 8-10 հազար հայ է մնացել։

XS
SM
MD
LG