Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը վաղը քվեարկության կդնի Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցը


Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սառեցվեն. սա էր այն հիմնական միտքը, որ հնչում էր երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստին ծավալված քննարկման ժամանակ:

Հատկանշական է, որ Անկարայի հետ բանակցությունների սառեցման օգտին են արտահայտվում Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր առաջատար քաղաքական ուժերը:

«Իրավիճակը իրոք շատ դրամատիկ է: Այդ իսկ պատճառով Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության անդամները համոզված են, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք է ժամանակավորապես սառեցվեն: Այժմ դրանց շարունակության համար որևէ պայման գոյություն չունի: Բանակցությունների ընդհատումը քաղաքական ուղերձ պետք է հանդիսանա Էրդողանին, որպեսզի նա դադարեցնի քաղաքական առաջնորդների, պատգամավորների, լրագրողների, դատավորների և իրավաբանների զանգվածային ձերբակալություններին», - հայտարարել է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցության ղեկավար Ջանի Պիտելլան:

Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցության` աջերին միավորող Եվրոպայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները ևս վստահ են, որ ստեղծված իրավիճակում Անկարայի հետ բանակցությունները բացառվում են:

«Մենք չենք կարող այլևս Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կառուցել նախկինի պես: Մեր խմբակցությունը ևս կողմ է Թուրքիա - Եվրամիության բանակցությունների դադարեցմանը», - հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, գերմանացի Մանֆրեդ Վեբերը:

Այս երկու խոշորագույն խմբակցություններին միացան նաև Եվրախորհրդարանում ներկայացված ազատականները: Քաղաքական այս ուժի անունից հանդես եկավ Եվրոպացի լիբերալների և դեմոկրատների դաշինքի ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը:

«Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ են ուզում թուրքական իշխանությունները: Թուրքական իշխանությունները ցանկանում են, որպեսզի իրենց երկիրն անդամակցի Եվրամիությանը, նրանք ցանկանում են որքան հնարավոր է արագորեն ազատ վիզային ռեժիմ հաստատել Եվրամիության հետ, նրանք մեզանից հավելյալ փող են ուզում միգրացիոն համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Բայց դրա հետ մեկտեղ նրանք չեն ուզում, որպեսզի մենք միջամտենք Թուրքիայի գործերին, ցանկանում են․ որ չքննդատենք ժողովրդավարությունից ավտորիտար կառավարմանն այն անցումը, որի ականատեսն ենք դարձել Թուրքիայում: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ամենը չի համապատասխանում եվրոպական արժեքներին: Եվրախորհրդարանի անդամների մեծամասնությունը այսօր վստահ է՝ դուք պետք է դադարեցնեք անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ», - դիմելով Եվրամիության Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ հայտարարեց Գի Վերհոֆստադտը:

Եվրամիության ղեկավարները, սակայն, խորհուրդ են տալիս Եվրախորհրդարանի անդամներին թուրքերի հետ հարաբերությունների սառեցման հարցում շատ չշտապել: Ֆեդերիկա Մոգերինիի համոզմամբ, այս փուլում Անկարայի հետ բանակցությունների դադարեցման հետևանքով կտուժեն թե՛ Անկարան և թե՛ Եվրամիությունը:

«Թուրքիան և Եվրամիությունը շատ լուրջ համատեղ աշխատանք ունեն իրագործելու: Խոսքը նախևառաջ Կիպրոսի կարգավորման մասին է: Բացի այդ, հարկավոր է հիշատակել մեր պայքարը ահաբեկչության դեմ, տնտեսական կապերը, Սիրիայի ապագան, կայունությունը Կովկասում: Այս բոլոր նպատակներին հասնելու համար մեզ շարունակական և փոխադարձ երկխոսություն է անհրաժեշտ», - հայտարարել է Մոգերինին:

Չնայած Եվրամիության գործադիր մարմինների հնչեցրած այս կոչերին` Եվրախորհրդարանի անդամները երեկ կայացած քննարկումները ավարտին որոշեցին Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման մասին բանաձևը շրջանառության մեջ դնել: Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում բանաձևի տեքստը քվեարկության կդրվի արդեն վաղը:

Ինչ վերաբերում է թուրքական կողմի արձագանքին, ապա այն չուշացավ: Եվրոպական խորհրդարանի որոշմանը այսօր առավոտյան Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլում մեկնարկած համաժողովի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:

«Վաղը Եվրոպական խորհրդարանը նիստ է գումարելու և քվեարկության է դնելու Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցը: Միանգամից ուզում եմ նշել` ինչպիսին էլ լինի այս քվեարկության արդյունքը, միևնույն է, այն մեզ համար որևէ արժեք չի ներկայացնի», -հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG