Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

«Քվանտ» վարժարանը 2011 թվականից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաև Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ, կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ:

Այցի ավարտին նախագահը կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի և վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության և կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները: Նա կրթության և գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության և բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG