Մատչելիության հղումներ

Մոուրինյոն խոստանում է՝ Մխիթարյանը վաղը կմասնակցի «Ֆեյենորդ»-ի հետ խաղին


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով՝ անգլիական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո, 6-ը հուլիսի, 2016թ․
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզաշապիկով՝ անգլիական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո, 6-ը հուլիսի, 2016թ․

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ Եվրոպայի լիգայի մրցաշարում հոլանդական «Ֆեյենորդ»-ի հետ վաղը կայանալիք հանդիպմանը խաղադաշտ դուրս կբերի Հենրիխ Մխիթարյանին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Մխիթարյանը արդյոք շուտով խաղադաշտ դուրս կգա, Մոուրինյոն ասել է․ - «Այո, ես նրան ասել եմ, որ նա կմասնակցի «Ֆեյենորդ»-ի հետ խաղին: Նա պատրաստվում է»:

Մխիթարյանի վիճակի մասին Մոուրինյոն ասել է, որ, իհարկե, նա ուրախ չէ, բայց իր հիասթափությունը հաղթահարում է ճիշտ ճանապարհով՝ «փակ է պահում բերանը և շատ աշխատում»:

Մխիթարյանը չէր մասնակցել նաև շաբաթ օրը տեղի ունեցած «Մանչեսթր Յունայթեդ» - «Արսենալ» խաղին, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մոուրինյոն փոխանցել է, թե հանդիպումից հետո Մխիթարյանին ասել է, որ «այդ խաղը նրա համար չէր»: «Չեմ կարծում, թե նա պետք է 10-20 րոպեով փոխարինման դուրս գա: Ես նրան ասացի՝ «քեզ լավ խաղ է պետք, որտեղ դուրս կգաս հիմնական կազմում՝ եթե ոչ սկզբից, ապա առնվազն երկրորդ խաղակեսում», - Մոուրինյոյի այս խոսքերը մեջբերված են «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի ինտերնետային կայքում:

Մարզիչն ասել է, թե Մխիթարյանին խանգարում է կողմնակի ճնշումը, մեծ ուշադրությունը, և որ նա պետք է կարողանա ձերբազատվել դրանցից, որպեսզի կարողանա ցույց տալ իր ունակությունները:

Նշենք, որ ամառային տրանսֆերի ընթացքում «Մանչեսթր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ից Մխիթարյանին ձեռք է բերել 26 միլիոն ֆունտ ստեռլինգով, սակայն ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը ընդամենը 4 անգամ է դուրս եկել խաղադաշտ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի մրցաշարի հանդիպմանը, ապա թիմերի առաջին խաղում Ռոտերդամում «Ֆեյենորդ»-ը 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթր Յունայթեդ»-ին, հինգշաբթի օրը պատասխան հանդիպումն է Մանչեսթրում: Եվրոպայի լիգայի մրցաշարի A խմբում «Մանչեսթր Յունայթեդ»-ը երրորդ տեղում է, սակայն թիմերին մեկ միավոր է բաժանում, ու «Ֆեյենորդ»-ից առաջ անցնելու համար «Մանչեսթր Յունայթեդ»-ին հաղթանակ է անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG