Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսական աճն այս տարի կարող է կանխատեսվածից պակաս լինել


2016 թվականի տնտեսական աճը կարող է մի փոքր պակաս լինել, քան բյուջեի հիմքում դրված 2.2 տոկոսի կանխատեսումն է, այսօր ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովում 9 ամիսների եկամուտներն ու ծախսերի քննարկման ընթացքում:

Այս տարի Հայաստանի տնտեսությունն ավելի դանդաղ տեմպերով է զարգանում՝ նախորդ տարվա համեմատությամբ, և այս դանդաղումը հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում անկումով: Նախարարն առանձնացրեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի բացասական ցուցանիշները, սակայն թե որո՞նք են բերքահավաքի ամիսներին գրանցված անկման պատճառները, դեռ հստակ չէ՝ ասաց պետք է պարզեն, գուցե Վիճակագրական ծառայությունը որոշել է նոր, ավելի ճշգրիտ մեթոդ կիրառել հաշվարկի համար: Նախորդ տարի քննադատություն էր հնչում, որ գյուղատնտեսության ոլորտի երկնիշ աճը ուռճացված է և չի արտահայտում իրականությունը: Վարդան Արամյանն ասաց՝ եթե վիճվարչությունը որոշել է ճշգրտել հաշվարկները, դրանից պետք չէ վախենալ․ - «Եթե կան որոշակի ճշգրտման կարիքներ՝ գնանք այդ ճշգրտումներին առանց վախենալու և հանրությանը բացատրենք, այն՝ ինչ որդեգրել է մեր կառավարությունը»:

«Ազատության» հարցին՝ որքանո՞վ է իրատեսական հաջորդ տարվա համար կանխատեսվող 3.2 տոկոս տնտեսական աճը, նախարարը պատասխանեց՝ «ամբողջովին»:

Այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ փոքր-ինչ նվազել է ներմուծումը, փոխարենը արտահանումն է աճել գրեթե 20 տոկոսով՝ հիմնականում ոսկերչական իրերի, ծխախոտի և սննդամթերքի հաշվին:

«Շուրջ 20 տոկոս աճի ցուցանիշ ունենք արտահանման: Սա նշանակում է, որ տնտեսությունում տեղի են ունենում կառուցվածքային դրական տեղաշարժեր և այս տենդենցը պետք է պահպանել: Ապագայում էլ մեր ամբողջ գործիքակազմը պետք է ուղղվի արտահանելի հատված», - նշեց նախարարը՝ պարզաբանելով․ - «Զարգացող երկրների համար լավ է այն տնտեսական աճի մոդելը, որը գալիս է արտահանելի հատվածից: Մենք այլ մոդել ունեցել ենք մինչև 2008 թիվը, երբ ոչ արտահանելի հատվածից էր, և մեզ թվում էր, որ ունենք շատ բարձր աճի տեմպեր, բայց իրականում տնտեսական դիմադրողականությունը թույլ էր»:

2016 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով պետական բյուջե գրեթե մեկ տոկոսով ավելի քիչ գումար է մտել, փոխարենը 3 տոկոսով աճել են ծախսերը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց՝ թեև Եվրասիական տնտեսական միության ընդհանուր կաթսայից Հայաստանն ակնկալած գումարից քիչ է ստացել, սակայն եթե Հայաստանը միությունում չլիներ, ավելի քիչ կհավաքագրեին:

«Քանի որ մենք հիմա եկամուտները ստանում ենք ընդհանուր կաթսայից, դրանով պայմանավորված հիմա մեր վիճակը ավելի լավ է: Եթե մենք ինքներս գանձեինք դա, մաքսատուրքի գծով մեր եկամուտները կլիներ շուրջ 23 միլիարդ: Այսօր մենք 9 ամսվա կտրվածքով ստացել ենք 38.5 միլիարդ դրամ, այսինքն, շուրջ 14 միլիարդով ավելի, քան մենք ինքներս կհավաքագրեինք այդ եկամուտները», - նշեց Միրումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG