Մատչելիության հղումներ

Խանդոյանին և Առաքելյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները մերժվեցին


«Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում
«Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի տարածքում

Այսօր մեկնարկած դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց կալանավորված Արարատ Խանդոյանին և Արման Առաքելյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները։

Երկու կալանավորվածների դեպքում էլ դատարանը անհիմն համարեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Մերժվեց նաև տեսակցությունների վրա դրված արգելանքները վերացնելու միջնորդությունը։

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավողներից «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի կալանավորված եղբայր Արարատ Խանդոյանը և Արման Առաքելյանը մեղադրվում են հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ։ Արարատ Խանդոյանը այսօր դատարանում խոսքով հանդես եկավ: - «Սնարյադներ, բաներ, որ իրենք կիրառել են ժողովրդի վրա, ժողովրդի մի մասնիկ էլ ես էի, որ ներկա էի այդ ցույցերին: Խաղաղ ցույցերը ցրելու համար իրենք այդ գործողությունները կատարել են, նաև այդ գործողությունը կատարելիս իրենք իրենց աշխատակիցներին են վնասել՝ ոստիկանության», - հայտարարեց նա:

Խանդոյանի և Առաքելյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանի որոշումները քաղաքական պատվեր որակեց: Նա հիշեցրեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բազմաթիվ քաղաքական գործերով է զբաղվել։ - «Նա հասարակության կողմից ճանաչվում է որպես Բաղրամյան 26-ի կողմից պատվեր կատարող դատավոր՝ Մարտի 1, Շանթ Հարությունյան և ընկերներ, Գևորգ Սաֆարյան: Եվ հերթական այս գործն էլ նա չի կարող օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն իրականացնել», - պնդեց փաստաբանը:

Խանդոյանի գործով 46 ոստիկան է անցնում, մինչդեռ փաստաբանի համար սա անհասկանալի է, քանի որ ըստ մեղադրանքի նրա գործողություններից երկու ոստիկան է տուժել։ Տուժող ոստիկանները այսօր դատարան չէին ներկայացել, փոխարենը երեք ներկայացուցիչ ունեին դատարանում։

«Սա կրկին անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք ոչ թե իրական տուժողներ են, այլ սարքված տուժողներ են, որոնք չեն էլ ուզում գալ դատարան և ցուցմունք տալ», -

Դատարանի որոշումներից հետո պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին ինքնաբացարկ ներկայացնելու որոշում կայացրեց, ասաց, որ այս դատավորից օբյեկտիվ դատաքննության հույս չունի։ Միջնորդությունը պատրաստելու համար պաշտպանը ժամանակ խնդրեց,դատարանը մերժեց պաշտպանին պատրաստվելու համար մեկ օր տալու միջնորդությունը և մեկ ու կես ժամ տվեց։ Ղարագյոզյանն ասաց, որ այդ ժամանակը բավարար չէ, և դատարանի դահլիճ չի գալու։ Մեկ ու կես ժամ անց դատական նիստը մեկնարկեց, պաշտպան Ղարագյոզյանին չներկայանալու համար նախազգուշացում հայտարարվեց և նիստը հետաձգվեց։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG