Մատչելիության հղումներ

Վրաստանի նոր կառավարության կազմն առանձնապես չի փոփոխվել


Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը վստահություն կհայտնի նոր կառավարությանը:

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին, ով մոտ օրերս կվերահաստատվի իր պաշտոնում, այսօր ներկայացրել է կառավարության վերջնական կազմը: Խորհրդարանական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթեց նրա գլխավորած «Վրացական երազանք»-ը, ինչի արդյունքում՝ կառվարության նախկին կազմը հիմնականում պահպանվեց․ 18 նախարարներից 13-ը կշարունակեն պաշտոնավարել:

Նոր նշանակվածներից է ֆինանսների նախարար, առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին: Նախորդ կառավարությունում՝ 2015 թվականից, նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարի պաշտոնը, այժմ այդ պաշտոնում նրան կփոխարինի Գեորգի Գախարիան: Վերջինս նախկին բիզնես-օմբուդսմենն էր, հետո դարձավ պատգամավոր, այժմ էլ կպաշտոնավարի որպես նախարար:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվելու Զուրաբ Ալավիձեն: Նա 2009-ից մինչև 2010-ի հուլիսը էկոնոմիկայի փոխնախարարն էր, իսկ հետո կառավարությունում զբաղեցրեց ռազմավարական ծրագրերի կոորդինացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Նոր նշանակվածներից է նաև Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն: Նրա նախորդ Դավիդ Բաքրաձեն նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան: Դոլիձեն լքել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը: Նա շուրջ 7 տարի այդ կուսակցության անդամ էր, սակայն, անցած ամիս խորհրդարանական ընտրություններում կուսակցության կրած պարտությունից հետո Դոլիձեն լքեց իր քաղաքական ուժի շարքերը: Քաղաքական գործունեությունից բացի, Վիկտոր Դոլիձեն նաև դիվանագիտական աշխատանքով է զբաղվել․ 2005-2009 թվականներին նա Վրաստանի դեսպանն էր ԵԱՀԿ-ում:

Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին, ներկայացնելով եվրոպական և եվրաատլանտյան հարցերով ինտեգրման նոր նախարարին, ասել է՝ «Արևմուտքը Վիկտոր Դոլիձեին ճանաչում է որպես փորձառու և լավ դիվանագետի: Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին մերձենալու ճանապարհին նա միշտ եղել է Վրաստանի իշխանությունների կառուցողական գործընկերը, անկախ հանգամանքից՝ կոալիցիայի անունից էր աշախատում, թե առանց այդ կարգավիճակի»:

Նորություն է համարվում նաև Կախա Կալաձեի վերանշանակումը էներգետիկայի նախարարի պաշտոնում: Ընտրությունների հետ կապված՝ «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կալաձեն ընդամնեը 2,5 ամսով էր հեռացել պաշտոնից, իսկ նախարարությունը գլխավորում էր նրա տեղակալը:

Կառավարությունում նաև կառուցավածքային փոփոխություն է տեղի ունեցել․ վերացվել է սփյուռքի հարցերով նախարարությունը: Այն միացվել է արտաքին գործերի նախարարությանը, որի կազմում դեպարտամենտի կարգավիճակ է ստացել: Սփյուռքի հարցերով նախարար Գելա Դումբաձեն էլ տեղափոխվելու է դիվանագիտական ոլորտ:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը վստահություն կհայտնի նոր կառավարությանը, որից հետո պատգամավորական մանդատ ունեցող երեք նախարարները՝ «Վրացական երազանք»-ի ընտրական ցուցակը գլխավորող Գեորգի Կվիրիկաշվիլին, երկրորդ տեղում գտնվող Կախա Կալաձեն և հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Գեորգի Գախարիան վայր կդնեն մանդատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG