Մատչելիության հղումներ

Հալեպում ավելի քան 250 հազար մարդ զրկված է բուժօգնությունից․ ԱՀԿ


Սիրիայում հիվանդանոցների վրա հարձակումները կարող են գնահատվել որպես մարդկության դեմ հանցագործություն, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:

«Այն փաստը, որ այդ հիվանդանոցները և կլինիկաները շարունակաբար թիրախավորվում են, չափազանց մտահոգիչ է: Դա կարող է գնահատվել ռազմական հանցագործություն, կամ նույնիսկ՝ հանցագործություն մարդկության դեմ», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Հալեպի արևելյան շրջաններում այլևս գործող հիվանդանոց չի մնացել. զինյալների վերահսկողության տակ գտնվող այդ շրջանում անցած շաբաթ ուժգնացած ռմբակոծության և հրետակոծության արդյունքում հողին հավասարեցվեց երկու հիվանդանոց, որտեղ մինչև վերջերս դեռ հնարավոր էր առաջին բուժօգնություն ստանալ: Ռմբակոծվել է նաև քաղաքի այդ հատվածում մնացած միակ մանկական բուժկետը: Հալեպի արևելյան շրջանում ավելի քան 250 հազար մարդ զրկված է բուժօգնությունից, հայտարարում է Առողջապահության միջազգային կազմակերպությունը՝ ընդգծելով՝ ոչ միայն բարդ վիրահատություններ, այլ նույնիսկ թեթև վնասվածքներ հնարավոր չի լինելու բուժել:

«Հալեպում սնունդ գրեթե չի մնացել, դեղորայք, վիրակապեր ու այլ բժշկական նյութեր չեն մնացել: Բնակչությունն անգամ խմելու ջրի պակաս ունի», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Միջազգային գործակալությունները մեջբերում են Արևելյան Հալեպի վերջին վիրաբույժի՝ բժիշկ Օմարի խոսքերը: - «Հիվանդանոցները, որոնցում հնարավոր էր վիրահատել, այլևս գոյություն չունեն: Հալեպում կյանքը դժոխքի է վերածվել, այրվում են բնակելի թաղամասեր, մեզ մշտապես ռմբակոծում են», - պատմել է հալեպցի վիրաբույժը, ում ամբողջական անունը չի հրապարակվում անվտանգության նկատառումներով:

Ռմբակոծությունների մասին փաստող տեսագրություն է հրապարակել նաև Associated Press-ը:

Վիրաբույժ Դեյվիդ Նոթը, ով երկար տարիներ աշխատել է ռազմադաշտում և այժմ էլ շարունակում է աշխատել Հալեպում, պատմում է, որ ռմբակոծությունները ահագնացել են հատկապես անցած շաբաթավերջին: - «Ես երբեք նման սարսափ չեմ տեսել: Հիվանդանոցի միջանցքներում ողջերն ու մահացածները իրար են խառնվել», - պատմում է նա:

Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության տվյալներով 2016 թվականի հուլիսից Հալեպի արևելքի բժշկական հաստատությունները ավելի քան երեսուն անգամ ռմբակոծվել են: Հումանիտար օգնություն Հալեպ առայժմ հնարավոր չէ ուղարկել:

«Շուրջ 1 միլիոն մարդ ապրում է մշտական սպառնալիքի տակ: Սիրիացիները մեկուսացած են, սոված, զրկված բուժօգնությունից և ենթարկվում են ռմբակոծության: Նրանք անգամ հնարավորություն չունեն հեռանալու վտանգավոր շրջաններից», - հայտարարում է ՄԱԿ-ը՝ մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի Ասադի վարչակազմ ու դաշնակիցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG