Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին


22-ը նոյեմբերի, 2016 թ․
22-ը նոյեմբերի, 2016 թ․

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Խորհրդարանից ստացված հաղորդագրության համաձայն, Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներգրավվածությամբ և ակտիվ աջակցությամբ:

«Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձևաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձև:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Կուսակցությունների մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքների նախագծերին, ինչպես նաև խոսել է 2017 թվականի ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետների մասին:

Բարեփոխումների համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018 թթ. ծրագրի լիարժեք իրականացումը, որով նախատեսվում են համապարփակ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում:

«Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նպատակը երկրում կոռուպցիայի կանխարգելումը և պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան կոռուպցիայի նկատմամբ երկրում զրոյական հանդուրժողականության ձևավորումը»,- ընդգծել է Գալուստ Սահակյանը:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքը թե վեհաժողովում, թե հանձնաժողովներում: Ալան Միլն արդյունավետ է համարել Հայաստանում իրականացված բարեփոխումները, ինչի արդյունքում քաղաքական ուժերի մոտ ձևավորվել է երկխոսելու մշակույթ»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG