Մատչելիության հղումներ

Թրամփը ներկայացրել է նախագահության առաջին 100 օրվա ծրագիրը


ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է իրեն պատկանող Trump International Golf Club, որտեղ հանդիպում է պետական պաշտոնների հավակնող թեկնածուների հետ, Բեդմինստեր, Նյու Ջերզի, 20 նոյեմբերի, 2016թ.

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է իրեն պատկանող Trump International Golf Club, որտեղ հանդիպում է պետական պաշտոնների հավակնող թեկնածուների հետ, Բեդմինստեր, Նյու Ջերզի, 20 նոյեմբերի, 2016թ.

Էներգետիկայի բիզնեսում նրա նախաձեռնությունները կարող են հանգեցնել կտրուկ գնանկման:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ YouTube ցանցով տարածած հատուկ տեսաուղերձով դիմել է հանրությանը և ներկայացրել աշխատանքային ծրագիրը, որն իր վարչակազմը կատարելու է 2017 թվականի հունվարի 20-ին նախատեսված պաշտոնամուտին հաջորդող հարյուր օրվա ընթացքում:

Թրամփի կարգախոսն անփոփոխ է՝ Make America great again, «Ամերիկան նորից դարձնենք մեծ երկիր»: Ընտրյալ նախագահն ասել է, որ իր ամենաառաջին կարգադրություններից մեկը կլինի Անդրխաղաղօվկյանոսյան գործընկերության պայմանագրի չեղարկումը:

«Առևտրի հարցում ես կտեղեկացնեմ Անդրխաղաղօվկյանոսյան գործընկերությունից դուրս գալու մտադրության մասին, դա մի աղետ է մեր երկրի համար: Դրա փոխարեն մենք բանակցելու ենք արդար երկկողմ գործարքների շուրջ, որոնք աշխատատեղերն ու արտադրությունն Ամերիկա կվերադարձնեն», - ասել է Թրամփը:

12 երկրների մասնակցություն ենթադրող այդ պայմանագիրը կարևոր տեղ էր զբաղեցրել նախընտրական արշավի ընացքում: Թրամփը բազմիցս ընդգծել է իր խիստ բացասական վերաբերմունքը և խոստացել է հաղթանակի դեպքում հրաժարվել պայմանագրից:

Գործող նախագահ Բարաք Օբաման ամեն կերպ փորձել է ապահովել պայմանագրի վավերացումը: Անդրխաղաղօվկյանոսյան գործընկերությունը նախատեսում էր սակագների նվազեցում, առևտրի սահմանափակումների վերացում և մի շարք այլ միջոցներ, որոնք պետք է խթանեին 12 երկրների առևտուրը:

Ընտրյալ նախագահի համոզմամբ, այդ պայմանագիրը վնաս է հասցնում ամերիկյան տնտեսությանը և առավել բարենպաստ է մրցակից երկրների համար:

Ընտրարշավի ամիսներին Թրամփը քննադատել է Հիլարի Քլինթոնին այդ պայմանագրի վերաբերյալ մերթ դրական, մերթ բացասական կարծիք հայտնելու համար:

Պայմանագրի հարցում Թրամփի դիրքորոշումը ոգևորությամբ են ընդունում Ամերիկայի արդյունաբերական շրջաններում, որտեղ աշխատատեղերի կրճատում է նկատվել միջազգային մեկ այլ գործարքի՝ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի պայմանագրի իրագործման հետևանքով:

«Իմ օրակարգը հիմնվում է շատ պարզ սկզբունքի վրա՝ «նախևառաջ Ամեերիկայի շահը»: Լինի դա մետաղագործություն, ավտոմեքենաների արտադրություն թե բժշկություն, ես ուզում եմ, որ արտադրության և նորարարության հաջորդ սերունդը լինի այստեղ՝ իմ մեծ հայրենիքում, Ամերիկայում, այստեղ ապահովի հարստություն և աշխատատեղեր ամերիկացի աշխատողների համար», - ասել է ընտրյալ նախագահը:

Արդեն կան արձագանքներ այլ պետություններից: Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն Արգենտինա կատարած այցի ընթացքում խոսել է Անդրխաղաղօվկյանոսյան պայմանագրի մասին՝ ասելով, թե առանց Միացյալ Նահանգների այն պարզապես իմաստազրկվում է:

Թրամփը խոսել է նաև էներգետիկայի մասին, և նրա այս հայտարարությունն ամենայն հավանականությամբ մեծ մտահոգություն կառաջացնի նավթի ու գազի արդյունահանմամբ բյուջեներն ապահովող երկրներում:

«Ես չեղարկելու եմ ամերիկյան էներգետիկայում աշխատատեղեր ոչնչացնող սահմանափակումները, այդ թվում՝ թերթաքարային էներգետիկայի և ածխարդյունաբերության, ինչը բարձր ռոճիկներով միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի: Սա ենք ուզում, սրան էինք սպասում», - ասել է ընտրյալ նախագահը:

Անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում միլիարդավոր ներդրումներ են արել թերթաքարային էներգակիրներ արդյունահանելու բիզնեսում: Բայց Ամերիկայում ժամանակին մտցվել են նավթի արդյունահանման և արտահանման սահմանափակումներ, որոնց նպատակն խնայել ռազմավարական նշանակության այդ էներգակիրների ծավալները:

Հիմա ներդրումներն ապահովում են աննախադեպ էժան արդյունահանման հնարավորություն, և ամերիկյան էներգակիրները կարող են լցվել միջազգային շուկաներ, ինչը ծանր հարված կլինի Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և նավթով ապրող մյուս երկրների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG