Մատչելիության հղումներ

Բաղդադում հուսով են, որ Թրամփի օրոք ԱՄՆ աջակցությունը Իրաքին կշարունակվի


Գերմանիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Իբրահիմ ալ-Ջաֆարիի համատեղ ասուլիսը, արխիվ

Գերմանիայի և Իրաքի ԱԳ նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Իբրահիմ ալ-Ջաֆարիի համատեղ ասուլիսը, արխիվ

Իրաքի արտգործնախարարը, ընդգծելով Մոսուլի ռազմական գործողության հաջողությունները, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի աջակցությունը Իրաքին:

Գերմանիայի արտգործնախարարը Սիրիայի իրավիճակի հետ կապված ասել է, թե քանի դեռ Թրամփի թիմը չի ստանձնել իշխանությունը, հակամարտության կարգավորման քաղաքական լուրջ քայլեր չեն ակնկալվում:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Իբրահիմ ալ-Ջաֆարին մամուլի համատեղ ասուլիս են տվել Բեռլինում:

«Մենք հասկանում ենք, որ քանի դեռ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը Վաշինգտոնում չի ստանձնել իշխանությունը, չեն կարող կարևոր քայլեր կատարվել [Սիրիայի ճգնաժամի] քաղաքական լուծման ուղղությամբ», - ասել է Շտայնմայերը՝ կարևոր համարելով մարդասիրական օգնության տրամադրումը․ - «Չնայած ռազմական թեժ իրավիճակին՝ պետք է տարբերակներ գտնել բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար»:

Նա նաև նշել է, որ արևելյան Հալեպի ռմբահարումների վերականգնումը նորից սրում է քաղաքացիական պատերազմը, որն արդեն շատ երկար է տևել, և ընդգծել է, որ ռմբահարումները ոչ միայն վատթարացնում են հումանիտար իրավիճակը, այլև ավելի շատ մարդիկ են զոհվում: «Նրանք, ովքեր մասնակցում են ռմբահարումներին, դրա համար պետք է պատասխանատվություն վերցնեն», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ չհստակեցնելով անուններ:

Իրաքի արտգործնախարարը նախ ներկայացրել է Մոսուլը «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու ռազմական գործողության հաջողությունները: Ալ-Ջաֆարին ասել է, որ մինչև հիմա ավելի քան 1700 իսլամիստ զինյալ է սպանվել: Նրա հավաստմամբ՝ Մոսուլի ազատագրման գործողությունը ավելի հաջող է զարգանում, քան իրենք ակնկալում էին:

Իբրահիմ ալ-Ջաֆարին ընդգծել է, որ Իրաքը չի ընդունի Թուրքիայի որևէ ներխուժում Իրաքի սահմանամերձ շրջաններ:

Ինչ վերաբերում է Թրամփի ընտրությունից հետո Իրաքին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու հարցին, ապա Իրաքի արտգործնախարարը ասել է, որ համաձայնագրերը ոչ թե կառավարությունների անհատների հետ են, այլ՝ երկրների հետ:

«Մենք ռազմավարական համաձայնագրեր ունենք Միացյալ Նահանգների հետ, որոնք գոյություն ունեն դեռ հանրապետական նախագահ Ջորջ Բուշի ժամանակից, հետո իշխանության է եկել դեմոկրատական կառավարությունը՝ Բարաք Օբամայի գլխավորությամբ, և այդ աջակցությունը շարունակվել է: Հիմա նորից իշխանության են հանրապետականները, այնպես որ՝ ռազմավարությունը յուրաքանչյուր նախագահի հետ չի փոխվում: Համաձայնագրերը կան և պարտադիր են յուրաքանչյուրի համար», - ընդգծել է Իրաքի արտգործնախարարը:

Ալ-Ջաֆարին նաև ասել է, որ Իրաքը պատերազմից հետո վերականգնվելու ծրագրի կարիք ունի, ինչպես Մարշալի պլանը, որի միջոցով Միացյալ Նահանգները օգնեց Գերմանիային Երկրորդ աշխարհամարտից հետո վերականգնելու տնտեսությունն ու ենթակառուցվածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG