Մատչելիության հղումներ

Վարչապետը ՌԴ առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի, ֆորումն անցկացվում է Հայաստանի կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր և անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման և իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջև երկխոսության համար:

Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարը նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, և այս տարի համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը և ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ծրագրերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG