Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում` 1.34 մլն եվրո


Ֆրանսիա - «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը Մարսելում, 17-ը նոյեմբերի, 2016թ․

Ֆրանսիա - «Հայաստան» հիմնադրամի հեռախոսամարաթոնը Մարսելում, 17-ը նոյեմբերի, 2016թ․

«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ը անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 340 հազար եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաև շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել:

Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 հազար հայ ընտանիքների և կազմակերպությունների:

«Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի և իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի ևս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը», - ասված է հաղորդագրությունում:

Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը և Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG