Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական հեռուստատեսությունը ծառայում է իշխանությանը և իշխող ընտանիքին․ ուսումնասիրություն


Ադրբեջանի պետական AZTV հեռուստաընկերության լոգոն

Ադրբեջանի պետական AZTV հեռուստաընկերության լոգոն

Ադրբեջանական հեռուստատեսությունը ծառայում է իշխանություններին և իշխող ընտանիքին. այսպիսի եզրահանգման է եկել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբանը Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրած ուսումնասիրության արդյունքում:

1996 թվականին նոյեմբերի 21-ը հռչակելով Հեռուստատեսության համաշխարհային օր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ երկրներին և աշխարհի առաջատար լրատվամիջոցներին առաջարկել է նախընտրությունը տալ կրթական ծրագրերին, համամարդկային և մշակութային արժեքների, հանդուրժողականության և խաղաղության քարոզչությանը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը փորձել է պարզել՝ արդյոք հայրենական հեռուստատեսությունը հետևո՞ւմ է այդ պահանջներին:

Երեկոյան ժամը 8-12-ը ժամանակահատվածում, երբ հեռուստաէկրանի մոտ է հավաքվում ամենամեծ լսարանը, նրան առաջարկում են դիտել իշխանությունների ցանկացած գործողություն փառաբանող և քաղաքական ընդդիմությանը նվաստացնող հեռուստահաղորդումներ՝ այսպիսին է ադրբեջանական հեռուստաընկերությունների հիմնական քաղաքականությունը, գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ անձամբ է ականատեսը եղել, թե ինչպես է ATV հեռուստաընկերության հաղորդավարուհին մատ թափ տվել ադրբեջանական ընդդիմության վրա, որը, ինչպես այդ լրատվամիջոցի ղեկավարությունն է պնդել, զբաղվում է ադրբեջանական պետության շահերին հակասող քաղաքականությամբ:

Ադրբեջանական հեռուստատեսությունը որպես ժամանց առաջարկում է մայրենի լեզվով ֆիլմեր և ցածրորակ հեռուստաշոուներ, որոնք մերժվում են ոչ միայն ադրբեջանական հասարակության մտավորական հատվածի կողմից, նաև ասվում է հոդվածում:

Ադրբեջանցի հեռուստադիտողի՝ թուրքական, ռուսական կամ եվրոպական ալիքներ նախընտրելու մասին կարելի է դատել շենքերի տանիքներին տեղադրված արբանյակային ալեհավաքների առատությունից: Ադրբեջանում չկա տուն, որի տանիքին կամ պատշգամբում տեղադրված չլինի մեկ կամ երկու արբանյակային ալեհավաք, գրում է հոդվածի հեղինակը:

2016 հեռուստատեսային տարին Ադրբեջանի պատմության մեջ կմտնի Հարավային Կովկասում առաջին անկախ հեռուստաընկերության լուծարմամբ, գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ ANS-ը փակվեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո. Ալիևի վարչակազմը լրատվամիջոցին կասկածեց կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:

Ադրբեջանում գործում է 13 հեռուստաընկերություն, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք եթեր չի տրամադրում երկրի քաղաքական ընդդիմությանը: Ավելին՝ ընդդիմության ցանկացած գործողություն մատուցվում է ծայրահեղ բացասական լույսի ներքո: Հաճախ բանը հասնում է բացահայտ վիրավորանքին, ասվում է «Ազատության» ռադիոկայանի թղթակցի հոդվածում:

Ադրբեջանի մայրաքաղաքում զանգվածային ցնցումների օրերին, ինչպես նկատում է լրագրողը, հայրենի հեռուստաընկերությունները տեսանյութեր են ցուցադրում Եվրոպայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների մասին: Չնայած Ադրբեջանում համաժողովրդական հանրաքվեի վերաբերյալ միջազգային առաջատար կազմակերպությունների միանշանակ բացասական վերաբերմունքին՝ տեղական հեռուստաընկերությունները ընտրությունների ընթացքը և հանրաքվեն ներկայացնում են որպես բացառապես ժողովրդավարական: Հեղինակը մատնանշում է երկրի ամենահին պետական հեռուստաընկերության AZTV-ի օրինակը, որը իր հեռուստաեթերը մեծամասամբ նվիրում է նախագահի ելույթներին, նախագահական ընտանիքի փառաբանմանը:

Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքները ծառայում են բացառապես քաղաքական իշխանության պահանջների բավարարմանը, եզրափակում է հոդվածի հեղինակը:

XS
SM
MD
LG