Մատչելիության հղումներ

Կաթ մթերած գյուղացիներն «Աշտարակ կաթ»-ից իրենց գումարներն են պահանջում


Պրիվոլնոյե գյուղի բնակիչները պահանջում են մթերված կաթի գումարը, 21-ը նոյեմբերի, 2016 թ․

Պրիվոլնոյե գյուղի բնակիչները պահանջում են մթերված կաթի գումարը, 21-ը նոյեմբերի, 2016 թ․

Ընկերությունն այժմ փորձում է հակաճգնաժամային ծրագիր իրականացնել։ Իսկ գյուղացիների պարտքերի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան։

Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներն ասում են, թե «Աշտարակ կաթ»ընկերության պատճառով Գյուղը մատնվել է աղքատության։ Այսօր նրանք հավաքվել էին «Աշտարակ կաթ»-ի՝ գյուղում գտնվող մթերման կետի մոտ և պահանջում էին շուրջ 3 ամիս չվճարված՝ մթերված կաթի գումարները։

Կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը նախորդ շաբաթ դադարեցրել էր արտադրական գործունեությունը։ Ինչպես «Ազատությունն» ավելի վաղ տեղեկացել էր, «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի ինչպես պետությանը, այնպես էլ մատակարարներին և իր աշխատողներին։ Միայն Պրիվոլնոյե գյուղում ընկերությունը 140 գյուղացիական տնտեսության պարտք է 55 մլն դրամ։

Գյուղացիները բորբոքված էին, նրանք հրաժարվում են մուծել հոսանքի և գազի վարձերը։ «Հրաժարվում ենք լույսի ու գազի գումար տալ, որովհետև չունենք»։ «Իրենք մեր փողերը չեն տալիս, բայց պետությունը մեզնից փող է ուզում։ Մենք էլ ենք վարկերի տակ», «Արդեն երեք ամիս է ոչ գալիս են, ոչ փողերն են տալիս, ոչ էլ ասում են, թե ինչ անենք», «85 տարեկան կին եմ, բայց գնում եմ իմ շեֆի համար կով կթում, որ 10 հոգի պահեմ։ Նրան էլ փող չեն տալիս»,- ասում էին մարդիկ:

Հիմնականում անասնապահությամբ ապրող այս գյուղում կաթի մթերումը դադարեցված է։ Մթերման կետի մենեջեր Վարդան Տոմեյանի խոսքով՝ գյուղացիներին մնում է միասնական հայցով դատի տալ ընկերությանը, քանի որ, ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվել էր 15 օրը մեկ վճարել կաթի գումարները։ «Ես էլ եմ ֆերմեր, մեկ ու կես միլիոն էլ ինձ են պարտք։ Նույն վիճակում էլ ես եմ»,- ասաց Տոմեյանը։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կաթնամթերքի շուկայում 40 տոկոսի չափով տեղ զբաղեցրած ընկերության սնանկացումը պայմանավորում է երկրի սոցիալ-տնտեսական հետզհետե վատթարացող վիճակով։ Կարծում է, որ մոտ 200-ով աշխատողների թիվը կկրճատվի։ «Այդ շուկայում սպառողների թվի կրճատում է տեղի ունեցել։ Արտագաղթն ավելացել է, աղքատության թիվը նույնպես, այդ թվում նաև խորը աղքատության մեջ գտնվող ընտանիքների թիվն ավելացավ»,- ասաց տնտեսագետը:

«Աշտարակ կաթ»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին ընկերությունը 450 աշխատող ունի, համագործակցել են մոտ 6000 տնտեսությունների հետ։ Ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանն ասաց, որ իրենք այժմ փորձում են հակաճգնաժամային ծրագիր իրականացնել։ Իսկ գյուղացիների պարտքերի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան։ Սնանկացման պատճառների մասին առայժմ լռում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG