Մատչելիության հղումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բարձրաձայնում է ապրիլյան քառօրյայի բացթողումների մասին


Զինծառայողները՝ մարտական հենակետում ապրիլյան քառօրյայից հետո, 13-ը ապրիլի, 2016թ․

Զինծառայողները՝ մարտական հենակետում ապրիլյան քառօրյայից հետո, 13-ը ապրիլի, 2016թ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամները պնդում են՝ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ավելի քիչ զոհեր կունենար, եթե բանակում զինտեխնիկան սարքին լիներ, զինվորական մեքենաներն ապահովված լինեին վառելիքով, իսկ դիրքապահ զինվորներին աջակցող ուժերը չուշանային։

Բանակում առկա այս ու մյուս բացթողումները գրասենյակի աշխատակիցները ներկայացրել են իրենց պատրաստած զեկույցում։ Զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով նրանք հանդիպել են ապրիլ ամսին զոհված 94 զինծառայողից 61-ի ընտանիքի հետ։ Զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանի խոսքով, այդ օրերին բանակում առկա բացերը զոհվածներից շատերի հարազատները տեսել են սեփական աչքերով։

«Եղել են դեպքեր, երբ ճանապարհին տանկերը անսարք վիճակում են եղել, մարտկոցների հետ կապված խնդիր է եղել: Տեսել են դեպքեր, երբ բենզինի փոխարեն ջուր է լցված եղել տանկերի մեջ կամ իրենց որդիների ծառայակիցների միջոցով հայտնել են, որ փամփուշտները վերջացել են, ձեռնամարտի են բռնվել: Դա խնդիրներ են, որ ծնողները իրենց աչքերով են տեսել», - ասաց Արմինե Սադիկյան:

Համաձայն զեկույցի՝ քառօրյա պատերազմի զոհերի գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Արմինե Սադիկյանն ընդգծում է՝ շփվել են 61 ընտանիքի հետ, բայց նրանցից ոչ ոք բարեկեցիկ պայմաններում չի ապրել։ Զոհված զինծառայողների հարազատներից քչերն ունեն մշտական եկամուտի աղբյուր, ոմանք ապրում են արտագնա աշխատանքի հաշվին, մի մասն էլ՝ ծերության կամ հաշմանդամության թոշակի հույսին։

«Դեպքեր կային, որ այդ զինծառայողները համարվում էին ընտանիքի կերակրողը, դեպքեր կային, որ ոչ, բայց ծնողների միակն հույսը նրանք են եղել, որ երկու տարի հետո պիտի գան, տունը կառուցեն, աշխատանք ունենան ու իրենց ընտանիքը պահեն», - նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը:

Զոհված զինծառայողների հարազատների հետ զրուցելուց զատ, զեկույցում տեղ են գտնել նաև փաստեր ու պատմություններ ԶԼՄ հրապարակումներից։ Արմինե Սադիկյանից հետաքրքրվում ենք, եթե բացի զոհերի մասին թվային տեղեկությունից, այլ պաշտոնական ինֆորմացիա այդտեղ չկա, որքանով են ներկայացված փաստերն արժանահավատ։

«Մենք հարցը բարձրացնողն ենք, արդեն տվյալ մարմիննեըր կարող են հետաքննություն իրականացնել: Փորձել ենք ճշտել, թե քանի հոգու գործով ինչ քրեական գործ է հարուցվել, ինչ որակումներ են տրվել համապատասխան քրեական օրենսգրք հոդվածներով, սակայն դրանք համարվել են գաղտնի տեղեկություն»:

Զեկույցն արդեն ուղարկվել է ՊՆ, Դատախազություն, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտե։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ի պատասխան «Ազատության» հարցի նշեց, որ դեռ ծանոթ չէ զեկույցին։

«Առիթ չեմ ունեցել ծանոթանալու զեկույցին ու դրանում բարձրացված խնդիրներին: Դատախազության ստորաբաժանումը կծանոթանա և Դատախազության անելիքների մասով միջամտության դեպքում դուք կտեսնեք էդ արձագանքը», - ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Փոխարենը ՊՆ-ում արդեն հասցրել են կարդալ զեկույցը։ Նախարարի ավագ խորհրդական Ալիկ Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրեն այդտեղ տեղ գտած յուրաքանչյուր տվյալ։

«Զեկույցը հիմնված է որոշ դեպքերում նաև անձնական, սուբյեկտիվ մոտեցումների վրա, բայց հաշվի առնելով դրա հրատապությունը կքննարկվի, և կարձագանքենք», - նշեց Պաշտպանության նախարարի ավագ խորհրդականԱլիկ Ավետիսյանը:

Ավետիսյանը չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ կներկայացվի նախարարության դիրքորոշում զեկույցում տեղ գտած պնդումների վերաբերյալ։ Բայց չբացառեց, որ հնարավոր է որոշ դեպքերում նաև քրեական գործ հարուցվի։

XS
SM
MD
LG