Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ-ի նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր, փոխանցում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

«ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն, խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե:

Այսպես՝ Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը:

Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,-նշված է հաղորդագրությունում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG