Մատչելիության հղումներ

Կցանկանայի, որ ամեն հեռուստաընկերություն ընդգծված դեմք ունենար․ Ռուբեն Բաբայան


Թատրոնի ու գրականության մարդիկ միշտ էլ կապված են եղել հեռուստատեսության հետ: Նախկինում նրանց ավելի հաճախ կարելի էր տեսնել հեռուստաէկրանին: Բայց մեր օրերում էլ հեռուստատեսության գործունեությունն ու տարածքն է ընդլայնվել, սակայն մշակութային հաղորդումները դուրս են մնացել հեռուստաեթերից:

«Ես ուզում եմ, որ մեր հեռուստաընկերություններում մշակութային հաղորդումները ոչ թե բավարարվեն զուտ լրատվական եղելությունները ներկայացնելով, այլև էսօրվա բուն, գործող մշակութային դեմքերը, նրանց արած գործերը», - նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Ես կուզենայի, որ հեռուստաընկերությունները Հայաստանում տարբերվեին իրարից ավելի շատ: Մեր հարստությունը մեր բազմազանությունն է: Շատ կուզենայի, որ ընդգծված դեմք ունենար ամեն մի հեռուստաընկերություն», - հավելեց Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Գաղտնիք չէ նաև, որ հեռուստաընկերություններում հաճախ չեն հյուրընկալվում մշակութային գործիչներն ու արվեստագետները, գրողները, նկարիչները, երաժիշտները: Պահանջարկ չկա՞, հասարակությունը չի՞ ուզում նրանց լսել, հարցնում է Ռուբեն Բաբայանն ու պատասխանում․ պարզապես այդպիսի տպավորություն է ստեղծվել: Իսկ թե ինչու թատրոնն ու գրականությունը անկախության տարիներին աստիճանաբար դուրս մնացին հեռուստաէկրաններից, ապա, ըստ Էդվարդ Միլիտոնյանի, գոնե հեռուստաթատրոնի համար գումարներ չկան, իսկ գրականության նկատմամաբ անտարբերություն է:

«Մեզանում արժեհամակրգը գլխիվայր շուռ է եկել: Ավելի շատ խոսում ենք տնտեսական գործունեություններից, արդյունաբերությունից, բայց ոչ մշակույթից, որովհետև դա համարվում է ոչ վարկանիշային», - ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

«Հաճախակի սեփական վատ ճաշակը հեռուստաընկերության ղեկավարը բացատրում է պահանջարկով: Դա այդպես չէ: Ասում է՝ դե, էդ է ուզում հասարակությունը: Կարծես թե ինքը էս դասի է, բայց հասարակությունը իրենից պահանջում է ցածր ճաշակի բան, ինքը դա անում է: Այդպես չի լինում», - ասաց Ռուբեն Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG