Մատչելիության հղումներ

Դատախազությունը գողության մասին վարչապետի հայտարարությունն ուսումնասիրելու հիմքեր չի տեսնում


Արթուր Դավթյան, Հայաստանի գլխավոր դատախազ, 21-ը նոյեմբերի, 2016 թ․
Արթուր Դավթյան, Հայաստանի գլխավոր դատախազ, 21-ը նոյեմբերի, 2016 թ․

Կառավարությունում գողության վերաբերյալ վարչապետի աղմկահարույց խոսքերից երկու ամիս անց գլխավոր դատախազը հայտարարում է՝ իրավապահները որևէ ազդակ չեն ստացել տեղ գտած արարքի վերաբերյալ:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեցինք վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը և խնդրեցինք պատասխանել հետևյալ հարցին՝ ի՞նչ է ձեռնարկվել երկրի ղեկավարներից մեկի նման հայտարարության կապակցությամբ: «Դատախազությունը որևէ օրենքով նախատեսված ազդակ, առիթ չի ստացել որոշակի ոլորտում, որոշակի անձի կողմից որոշակի արարքներ կատարելու վերաբերյալ: Իսկ դատախազության գործառույթները ձեզ քաջ հայտնի են, պետք է որոշակի օրենսդրական հիմք ունենալ»,- ասաց գլխավոր դատախազը:

Երկու ամիս առաջ գործադիրի նիստում, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռք բերման էլեկտրոնային համակարգը, վարչապետ Կարեն Կարապետյանը կտրուկ հայտարարություն արեց՝ «Բավականին բարդ համակարգ է, թե ինչին է ուղղված, բոլորդ հասկանում եք: Այդ իսկ պատճառով հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը կարգի բերեք, ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ»:

Ուշագրավ է, որ նման կոշտ հայտարարությանը կառավարության որևէ անդամ չարձագանքեց: Լուռ էին նաև նիստին ներկա իրավապահ մարմինների ղեկավարները: Այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց «Ազատությունը» հետաքրքրվեց իրավապահ մարմինների ղեկավարներից՝ ինչո՞ւ էին լուռ և ի՞նչ են ձեռնարկել գողության մասին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հրապարակային հայտարարության կապակցությամբ:

Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արզուման Հարությունյանն, ի պատասխան, միայն նշեց, որ վարչապետի հայտարարության կապակցությամբ «համապատասխան միջոցառումներ են իրականացվում»՝ առանց մանրամասներ հաղորդելու:

ԱԱԾ-ն մեկուկես ամիս է՝ չի պատասխանում «Ազատության» հարցմանը

ԱԱԾ փոխտնօրենի այդ հայտարարությունից հետո, «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով մանրամասնել՝ ի վերջո ի՞նչ միջոցառումների մասին է խոսել ծառայության փոխտնօրենը, և վարչապետի հիշյալ հայտարարության կապակցությամբ ընդհանրապես որևէ ուսումասիրություն իրականացվե՞լ է: Հարցումից անցել է մեկուկես ամիս, սակայն, պատասխան չենք ստացել, թեև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պարտավորեցնում է պետական մարմիններին՝ գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում:

Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին, ապա կառավարությունում տեղ գտած գողության մասին Կարեն Կարապետյանի խոսքերից հետո այդ կառույցները շարունակում են միահամուռ լռություն պահպանել: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, ցանկացած իրավական երկրում նման բարձրաստիճան պաշտոնյանի այդպիսի հայտարարությանն անմիջապես կհետևին իրավապահ մարմինների գործողությունները:

«Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն, որ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է, վերից վար բոլորը զբաղված են գողությամբ: Հայաստանի ամենահարուստ մարդիկ Հայաստանի իշխանավորներն են, որպես կանոն: Նախ Կարեն Կարապետյանը նորություն չէր ասել․ բոլորս դա գիտենք, երկրորդ՝ կարծում եմ, որ նրա հայտարարության հետ կապված՝ նրան արդեն զգուշացվել է՝ հայտարարություններում լինել զգույշ, որովհետև եթե հանկարծ ինչ-որ հրաշքով որևէ իրավապահ մարմին փորձեր զբաղվել էդ հայտարարությամբ, ապա իրենք իրենց պետք է ձերբակալեին և իրենք իրենց պետք է դատապարտեին: Մի բան, որը հնարավոր է կինոներում, բայց ոչ հայաստանյան կյանքում»,- ասաց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG