Մատչելիության հղումներ

Ուորլիքը գործընկեր կդառնա ռուսական իրավաբանական ֆիրմայում


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Ջեյմս Ուորլիքը պատրաստվում է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը և գործընկեր դառնալ ռուսական իրավաբանական ընկերությունում:

«Ես թողնելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին: Ինձ համար պատիվ էր ծառայել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի», - Թվիթերում գրել է ամերիկացի դիվանագետը՝ մեկ այլ գրառմամբ էլ հայտնելով․ - «Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»:

Ուորլիքն իր թվիթերյան գրառման մեջ ընդգրկել է «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության պաշտոնական կայքէջի հղումը, որտեղ հաղորդվում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017 թվականի հունվարին: Ըստ այդ հաղորդագրության, Ուորլիքը պատասխանատու է լինելու Միացյալ Նահանգներից և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով:

Ռուսական ընկերությունը նշում է, որ Ջեյմս Ուորլիքը Սթենֆորդի, Օքսֆորդի համալսարանների, Իրավագիտության և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ է, աշխատում է ԱՄՆ կառավարության համար 30 տարից ավելի, Միացյալ Նահանգների առավել հարգած ավագ դիվանագետներից է, տասնյակ տարիների փորձ ունի որպես հատուկ բանագնաց, բանակցող, խորհրդական և ծրագրերի մենեջեր:

Ջեյմս Ուորլիքը ստանձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013 թվականի օգոստոսի 6-ին և ղարաբաղյան կարգավորման միջնորդներից թերևս ամենաակտիվն էր թե՛ լրագրողների հետ շփումներում, թե՛ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հերթական հանդիպումների մասին շատ հաճախ հայտնի է դառնում Թվիթերում նրա գրառումներից, իսկ Երևան կամ Բաքու այցերի ժամանակ հենց Ուորլիքն է, որ պարբերաբար ասուլիսներ է հրավիրում:

1993-ին հիմնված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերությունը ԱՊՀ-ում ամենախոշոր իրավաբանական ընկերությունն է, որը գրասենյակներ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, մինչ այսօր ծառայություններ է մատուցել ռուսաստանյան և Ռուսաստանում աշխատող արտասահմանյան խոշոր ընկերություններին, պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին և ԱՊՀ ֆինանսական կազմակերպություններին։

Ուորլիքի հետ համաձայնագրի մասին մեկնաբանություն տրամադրելու «Ազատության» խնդրանքին ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալինա Լոգինովան արձագանքեց, որ այդ կապակցությամբ ամբողջ տեղեկատվությունն արդեն հրապարակել են և ավելացնելու բան չունեն։

Մեկնաբանելով Ուորլիքի մասին այս տեղեկությունը, Ադրբեջանի արտգործանխարարության մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, թե իրենց սպասումները Միսնկի խմբից ինստիտուցիոնալ բնույթի են և անձերի հետ կապված չեն: Նա հավելել է, թե Մինսկի խմբից պաշտոնական Բաքուն ակնկալում է աջակցություն՝ միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։

«Ստատուս քվոն, որը Մինսկի խմբի համանախագահներն անընդունելի են համարում, պետք է փոխվի։ Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է՝ հայակական զորքերի դուրս բերում Ադրեբջանի օկուպացված տարածքներից»,- ասել է Գաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG