Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն Մոսկվայից С-400 համակարգ գնելու հարցը


արխիվ

արխիվ

Անկարան մտադիր է ավելի խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ մի շարք, այդ թվում՝ տազմատեխնիկական և տնտեսական ոլորտներում:

Դեկտեմբերին կայանալիք ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերին նվիրված նիստին Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են քննարկել «Տրիումֆ» С-400 զենիթա-հրթիռային համակարգ գնելու հարցը։ Այն, որ Մոսկվան ու Անկարան ներկայումս այդ հարցով բանակցություններ են վարում, թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըկը։

«Մենք այսօր բանակցություններ ենք վարում այդ հարցով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մի շարք այլ երկրների հետ, որոնք նման համակարգեր ունեն։ Այս պահին ռուսական կողմի դիրքորոշումը դրական է»,- ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Ռուսաստանի ռազմատեխնիկական հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինն էլ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ դեկտեմբերին կայանալիք նիստին հարցը քննարկվելու է։

Ռուս-թուրքական համագործակցության փաթեթում ռազմական բաղադրիչն այնքան էլ մեծ չէր: 2008-ին Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել 80 «Կորնետ- Է» կայանքներ՝ իրենց հրթիռներով: Բացի այդ, Ռուսաստանը շարունակում էր սպասարկել իննսունականներին վաճառած սպառազինությունը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն այդ համագործակցությունից ստանում էր տարեկան ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար։

Իրավիճակը կարող էր փոխվել 2015-ին, երբ Մոսկվան մտադրվել էր Թուրքիայում բացել «ՄԻ 17» ուղղաթիռների սպասարկման կենտրոններ, սակայն, նոյեմբերի միջադեպի հետևանքով, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական օդանավը, Մոսկվան սառեցրեց ռազմատեխնիական համագործակցությունն Անկարայի հետ: Սակայն, այսօր ռուս-թուրքական համագործակցությունն այնքան արագ է վերականգնվում, որ արդեն հնարավոր է խոսել նույնիսկ ռազմատեխնիկական գործակցության մասին:

С-400 համակարգը համարվում է գերժամանակակից սպառազինություն: Ռուսաստանը նման զենք երբևէ չի վաճառել ՆԱՏՕ-ի անդամ հադիսացող երկրի։ Ռուսաստանցի փորձագետներն, ի դեպ, այսօր էլ հոռետես են այդ հարցում և կարծում են, որ բանակցությունները տարիներ կտևեն։ «Կոմերսանտ»-ն, օրինակ, գրում է, որ նույն հարցով Չինաստանի հետ պայմանագիրը միայն երեք տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո կնքվեց՝ 2014-ին: Եվ եթե Մոսկվան ու Անկարան պայմանավորվեն, ապա, իրականում, թուրքական կողմը С- 400 կկարողա ստանալ միայն 2018-2020 թվականներին։

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով, Մոսկվան այդ գործարքի կայացման մեջ ավելի շահագրգիռ է, քան Անկարան: Խոսքը միայն ֆինանսական լուրջ դիվիդենտների մասին չէ: «Նաև ռազմավարական առումով սա լուրջ լծակ է տալիս Ռուսաստանին՝ արդեն որոշակի ներկայություն ունենալ և հետագայում էլ մեծացնել իր լծակներն այնտեղ:

Այսինքն խնդիրն այն է, թե բանակցությունների ընթացքում ինչպես կորոշվի՝ էդ գործարքն իրականացնել համատեղ արտադրությա՞մբ, թե՞ ուղղակի Ռուսաստանը պատրաստի արտադրանք կառաջարկի Թուրքիային: Եթե Թուրքիայում հայտնվեն С-400 համալիրներ, Ռուաստանը կարևոր լծակ ձեռք կբերի նաև հակաօդային պաշտպանության տարածքը որոշակիորեն վերահսկելու առումով, և խնդիր է առաջանում էստեղ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև կոորդինացիայի»,- «Ազատությանն» ասաց թուրքագետը:

Անկարան մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ նաև տնտեսական ոլորտում: Մասնավորապես, կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն Եվրամիությանն անդամակցելու հարցը: Էրդողանի խոսքով, երկիրը քննարկում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:

«Որոշ մարդիկ գուցե քննադատեն ինձ, բայց ես իմ կարծիքն եմ հայտնում: Օրինակ, ես ասում եմ՝ ինչու՞ Թուրքիան չի կարող տեղ զբաղեցնել «Շանհայի հնգյակում», - Էրդողանի այս խոսքերն է մեջբերում ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: Էրդողանի կարծիքով, Թուրքիայի համար «ավելի հարմարավետ» կլիներ Շանհայի համագործակցության կազմակերպությունում աշխատելը, հատկապես հաշվի առնելով, որ Եվրամիությունը «տարիներ շարունակ ձգձգում է [անդամակցության] գործընթացը»: Էրդողանը նաև հայտարարել է, որ այս հարցով «դրական բանակցություններ» է վարել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ղազախստանի նախագահների հետ։

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Անցած տարի հուլիսին Հայաստանը, Ադրեբջանը, Կամբոջան և Նեպալը միացել էին Շանհայի համագործակցության կազմակերպության խմբին, որպես երկխոսության գործընկերներ:

XS
SM
MD
LG