Մատչելիության հղումներ

Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է․ փաստաբան


Վահան Շիրխանյան, արխիվ
Վահան Շիրխանյան, արխիվ

Նորք-Մարաշում մեկ տարի առաջ ձերբակալված զինված խմբի գործով մեղադրվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը քրեակատարողական հիմնարկում ծայրահեղ ծանր է, «նրան դանդաղ սպանում են, որպեսզի չհասնի դատավարության», այսօր հայտարարեց Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինքը առողջ մարդ լինելով ձերբակալվել է և էսօր ինքը հաշմանդամ է, ինքը ինքնուրույն չի կարող տեղաշարժվել, երեք ամիս է՝ նա չի կարողացել լոգանք ընդունել, պարզապես չի կարողացել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել և դրա համար անհրաժեշտ է ցնցուղի տակ կանգնել, որը ինքը ի վիճակի չի, ուղղակի ի վիճակի չի», - ասաց փաստաբանը՝ շեշտելով․ - «Մենք սկսում ենք մտածել, որ էստեղ կա որոշակի միտում՝ անել այնպես, որ ինքը այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա անազատությունից դուրս գալ»:

Ալումյանը փոխանցեց, որ խնդրի կապակցությամբ ահազանգել է քրեակատարողական վարչությանը, արդարադատության նախարարությանն ու օմբուդսմենին, սակայն պատասխանել է միայն օմբուդսմենը՝ որոշելով, որ խախտվել է Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, և առաջարկելով տեղափոխել նրան մասնագիտացած քաղաքացիական հիվանդանոց: «Նա պահանջեց, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ում մեղքով Վահան Շիրխանյանը հայտնվել է էսօրվա վիճակում, չորրորդը՝ նա պահանջեց, որպեսզի այսուհետ բացառվի, որպեսզի Վահան Շիրխանյանի առողջական խնդիրներով զբաղվեն նրա խցակիցները: Պատկերացնում եք, չէ՞, ուրեմն՝ հարցը հասել է նրան, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակով նրա խցակիցներն են զբաղվում, այսինքն՝ եթե պետք է իր ոտքը էդ էլաստիկ բինտով կապել, չգիտեմ, ինչ-որ բժշկական օգնություն ցույց տալ էդ պահին, ուրեմն՝ դա չեն անում բժիշկներ, չեն անում բուժանձնակազմի աշխատակիցներ, դա ստիպված անում են նրա խցակիցները», - ասաց փաստաբանը:

11 ամիս ԱԱԾ-ում պահվող Շիրխանյանի պաշտպանի խոսքով՝ օմբուդսմենի որոշումից անցել է տասը օր, սակայն ոչինչ չի արվել նրա առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ նոյեմբերի 18-ին Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որը եզրակացրել է, որ ներկա պահին Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:

«Այդուհանդերձ, պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ», - փոխանցեցին քրեակատարողական վարչությունից:

Փաստաբան Ալումյանը հակառակն է պնդում՝ 11 ամիս իրականացված բուժման արդյունքում նախկին փոխնախարարի վիճակը միայն վատացել է, կալանավայրում էլ չկա համապատասխան մասնագետ անոթային լուրջ խնդիրներ ունեցող Շիրխանյանին օգնելու համար:

«էս ամբողջ ընթացքում, էս 11 ամսվա մեջ ինքը 4 հազար դեղահաբ է ընդունել, բայց էդ 4 հազար դեղահաբի արդյունքը նա է, որ ինքը առողջ մարդ լինելով ձերբակալվել է և էսօր ինքը հաշմանդամ է»:

«Հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դրա օգտին գործելու» մեջ մեղադրվող Շիրխանյանի շահերի պաշտպանը նաև տեղեկացրեց, որ խոշտանգման վերաբերյալ դիմում են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Շատ մեծ շանսեր ենք հիմա տեսնում արդեն, որ դա կարող է քննվել արագացված ընթացակարգով և լուծումը ստանա մոտ ամիսներին: Ու թող հիմա հարգարժան վարչապետը հերթական անգամ չսկսի զարմանալ, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը գումարներ կորցնում Եվրադատարանի վճիռների արդյունքում, որովհետև հարգելի պարոն վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում էդ քայերից, որը ինքը պարտավոր է ձեռնարկել պարոն Շիրխանյանի վիճակի կապակցությամբ», - ասաց Հայկ Ալումյանը:

Օրեր առաջ փաստաբան Հայկ Ալումյանը նախաձեռնել էր լրատվամիջոցների հանդիպում Շիրխանյանի հետ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Ըստ փաստաբանի՝ «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարությունը չի ցանկանում, որպեսզի լրագրողները տեսնեն, թե ինչ վիճակում է կալանավորը:

«Իրենք վախենում են, որ դուք տեսնեք իրեն հիմա, որովհետև եթե դուք տեսնեք՝ ինչ վիճակում է հիմա գտնվում, իմ էս ամեն ասելը կդառնա ավելորդ: Ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա, որ իրեն էնտեղ աստիճանաբար սպանում են»:

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործն արդեն ուղարկվել է դատարան, պաշտպանության նախկին փոխնախարարը մեղքը չի ընդունում, սակայն եթե Շիրխանյանը շտապ քաղաքացիական հիվանդանոց չտեղափոխվի, ապա կարող է մինչև իր դատավարության մեկնարկը չապրել, ասաց նրա շահերի պաշտպանը:

«Ես մտածում եմ, որ հենց նախապես էդպիսի խնդիր է դրված եղել, որպեսզի պարոն Շիրխանյանը պարզապես չկարողանա հասնել դատարան: Ես հիմա սկսում եմ էդպես մտածել», - ասաց Հայկ Ալումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG