Մատչելիության հղումներ

Օբաման Պուտինին հորդորել է հանձնառու լինել Ուկրաինայի հարցով ստանձնած պարտավորություններին


Օբաման և Պուտինը միմյանց ձեռք են սեղմում Լիմայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, Պերու, 20-ը նոյեմբերի, 2016 թ․

Օբաման և Պուտինը միմյանց ձեռք են սեղմում Լիմայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում, Պերու, 20-ը նոյեմբերի, 2016 թ․

Լիմայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել մամլո ասուլիսներով, անդրադառնալով, առավելապես, արտաքին քաղաքական հարցերի:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պերուում չնախատեսված հանդիպում են ունեցել: Սպիտակ տան պաշտոնյայի փոխանցմամբ, նրանց զրույցը չորս րոպե է տևել: Օբաման Պուտին հորդորել է պահպանել Ուկրաինայի հարցով համաձայնագրերի հանձնառությունը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հավատարիմ են Ուկրաինայի ինքնիշխանության սկզբունքին:

Պերուում անցկացվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Օբաման Լիմա է մեկնել Եվրոպայից, որտեղ փորձում էր ցրել եվրոպական առաջնորդների մտահոգությունները՝ կապված Դոնալդ Թրամփի ընտրության հետ: Իր եվրոպացի գործընկերներին նա հավաստիացրել է՝ ԱՄՆ-ի հարաբերությունները Եվրոպայի հետ չեն կարող փոխվել:

Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալու է հունվարին, Պերուում կայացած ասուլիսին նա ասել է, թե ցանկանում է մինչև պաշտոնից հեռանալը բանակցությունների միջոցով հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Մամուլի ասուլիսում Օբաման տեղեկացրել է, որ նստաշրջանի ընդմիջումներից մեկի ժամանակ խոսել է Պուտինի հետ: «Ես նրան հորդորել եմ հանձնարարել իր բանագնացներին՝ աշխատել մեր, Ֆրանսիայի, Գերմանիայի գործընկերների հետ, տեսնենք՝ արդյո՞ք մենք կարող ենք կարգավորման հասնել մինչև իմ պաշտոնաթողությունը»,- Պերուում ասել է Օբաման:

Մոսկվան Ուկրաինայի արևելքում աջակցում է ռուսամետ անջատականներին: Այդ հակամարտության բռնկվելուց ի վեր արդեն մոտ 10 հազար մարդ է զոհվել: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի որոշ հայտարարությունները, որոնցում նա դրականորեն է արտահայտվել Պուտինի և Ռուսաստանի հասցեին, մտահոգություններ են առաջացրել Կիևում:

Անդրադառնալով Սիրիայում տիրող վիճակին, Օբաման ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե լավատես չէ այդ խնդրի հետ կապված: Ռուսաստանը Սիրիայում աջակցում է կառավարական զորքերին, ավիահարվածներ հասցնելով Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններին: Օբաման ասել է նաև, թե երբ Ռուսաստանը և Իրանը պաշտպանում են Սիրիայի կառավարությանը, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է չափավոր ընդդիմությունը պահպանել իր դիրքերը:

«Մենք նախկինի պես լրջորեն անհանգստացած ենք Հալեպի արյունահեղությամբ ու քաոսով, որը խաղաղ բնակչությանը Ասադի բանակի և Ռուսաստանի կողմից ավիահարվածներ հասցնելու պատճառով է: Ես նշել եմ, որ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին հումանիտար դադար ապահովել և սկսել հակամարտության քաղաքական ելք փնտրել»,- ասել է Օբաման:

ԱՄՆ-ի ներքաղական օրակարգի առնչությամբ նա նշել է, թե Թրամփին հորդորել է պահպանել Միացյալ Նահանգների աջակցությունը աշխարհի լիբերալ կարգին, զգուշացանելով, որ միջազգային խաղաղությունը և բարեկեցությունը նաև այդ սկզբունքից են կախված: «Ամենագլխավոր խորհուրդը, որ ես տալիս եմ հաջորդ նախագահին, այն է, որ Միացյալ Նահանգներն անփոխարինելի է համաշխարհային կարգում»,- հավելել է Օբաման:

Պերուի մայրաքաղաք Լիմայում մամուլի ասուլիսով է հանդես եկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ասել է, թե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում փոփոխություն է ակնկալում: «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հաստատել է ռուս-ամերիկյան հարաբերությունները նորմալացնելու իր մտադրությունը: Իմ կողմից էլ ես, իհարկե, արել եմ նույնը: Մենք այդ մասին միշտ խոսել ենք», - հայտարարել է Պուտինը:

Նա, միևնույն ժամանակ, նշել է, թե նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի հնչեցրած խոսքերը չեն կարող ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փոփոխության երաշխիք լինել: «Մենք բոլորս լավ հասկանում ենք, բոլորը գիտեն, որ նախընտրական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև միշտ մեծ տարբերությաւն կա»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Նա հարգանքով է խոսել Օբամայի մասին և ասել է, թե նրան հրավիրել է Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG