Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլին այսօր կհրապարակի Վրաստանի նոր կառավարության կազմը


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակված Գիորգի Կվիրիկաշվիլին մի քանի ժամից Թբիլիսիում կհրապարակի երկրի նոր կառավարության կազմը: Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարեց շաբաթ օրը` Գուրիայի տարածաշրջան այցի ընթացքում:

«Երկուշաբթի օրը ես հատուկ ճեպազրույց կհրավիրեմ, որի ընթացքում կհրապարակեմ նախարարների կաբինետի ամբողջական ցանկը», - լրագրողներին հայտնեց Կվիրիկաշվիլին:

Վրացական աղբյուրների պնդմամբ, սակայն, կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի:

Դեռ շաբաթներ առաջ Գիորգի Կվիրիկաշվիլին հստակորեն հայտարարեց, որ կառավարության ուժային բլոկում փոփոխությունները բացառված են:

Կառուցվածքային փոփոխությունները ևս աննշան են լինելու: Հայտնի է միայն, որ վրացական սփյուռքի խնդիրներով զբաղվող պետական կոմիտեն լուծարվելու է, իսկ դրա գործառույթները փոխանցվելու են արտգործնախարարությանը:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա արդեն իսկ հաստատվել է, որ զբաղեցրած պաշտոնը կլքի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրամանագրով՝ Բաքրաձեն Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել:

Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բաքրաձեին եվրաինտեգրման նախարարի պաշտոնում կարող է փոխարինել խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախկին անդամ Վիկտոր Դոլիձեն:

Դոլիձեն, ի դեպ, անցած շաբաթավերջին այցելել էր եվրաինտեգրման նախարարություն`մի քանի ժամ տևողությամբ դռնփակ հանդիպում անցկացնելով Դավիթ Բաքրաձեի հետ:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել այս թեման: Բաքրաձեի հետ էլ իմ հանդիպումը նվիրված էր միանգամայն այլ խնդրի, այլ ոչ թե իմ հնարավոր նշանակմանը նախարարի պաշտոնում», - հայտարարում էր Դոլիձեն:

Նախորդ կառավարության առանցքային անդամներից ևս մեկը՝ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ևս պնդում է, որ շարունակելու է պաշտոնավարել Կվիրիկաշվիլիի կառավարության երկրորդ կազմում: «Կարող եմ միայն ասել, որ արդարադատության նախարարությունում փոփոխություններ չեն լինելու», - պնդում էր Ծուլուկիանին:

Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, հիշեցնենք, վարչապետ Կվիրիկաշվիլիին հանձնարարեց կառավարություն ձևավորել շաբաթ օրը՝ մի քանի ժամ անց այն բանից, երբ ավարտվեց երկրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Դրա ընթացքում «Վրացական երազանք» դաշինքի անդամ Իրակլի Կոբախիձեն ընտրվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Խորհրդարանի նորընտիր ղեկավարը 38 տարեկան է, մասնագիտությամբ` իրավաբան: Թեկնածուական թեզը Կոբախիձեն պաշտպանել է Գերմանիայի Դյուսելդորֆի համալսարանում, ինչից հետո վերադառնալով Վրաստան՝ մի քանի տարի շարունակ աշխատել է միջազգային կառույցներում և ոչ կառավարական սեկտորում: Կոբախիձեն քաղաքական դաշտ մտնելուց առաջ համագործակցել է Սորոսի հիմնադրամի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Թբիլիսիի գրասենյակի հետ:

XS
SM
MD
LG