Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետարանը գումար խնայելու համար հաստիքներ է կրճատում


Գյումրիի քաղաքապետարանում այս տարի նախատեսվում է կրճատել 38 հաստիք:

Հաստիքների կրճատման ու բաժինների միավորումների արդյունքում Գյումրիի քաղաքապետարանում հաջորդ տարվանից կգործի ոչ թե 19, այլ 17 բաժին, որտեղ կշարունակի աշխատել 150 մարդ:

Գյումրիի քաղաքապետն ասում է, որ կրճատումներ ավելի վաղ կարող էին անել, սակայն հաշվի են առել Գյումրիում առկա սոցիալական ծանր վիճակը: Իսկ տեղական բյուջեից տնտեսվող շուրջ 30 մլն դրամը, ըստ Սամվել Բալասանյանի, օդ ու ջրի պես անհրաժեշտ է. - «Կյանքը ցույց կտա: Ճիշտ է, շատ ցավալի է մարդկանց կրճատելը, բայց, համենայնդեպս, այդպիսին է իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք այդ աշխատավարձի հաշվին այլ աշխատանքներ կատարել»:

Գյումրիի քաղաքապետարանում առաջին անգամ է, որ հաստիքներ են կրճատվելու: Քաղաքապետարանը այս տարի նաև 2-ով կրճատել էր ծառայողական մեքենաների թիվը` հասցնելով 14-ի:

Կարեն Կարապետյանի կառավարությունը հայտարարված օպտիմալացման շրջանակներում նաև ՊՈԱԿ-ներ է փակում կամ միավորում: Գյումրիում այս շաբաթասկզբին կրճատումներից բողոքեցին Սեյսմիկ ծառայության չորս ՊՈԱԿ-ների աշխատակիցները՝ պնդելով, որ պետությունը դրանից մեծ բան չի շահի:

Զբաղվածության պետական գործակալության տվյալներով Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13,382, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.6 տոկոսով:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խոստացել էր շվեցարահայ գործարար Վարդան Սերմաքեշի աջակցությամբ դեռ 2015-ին տեքստիլ արտադրության ձեռնարկություն բացել 300 աշխատատեղով: Այս տարի Գյումրի այցի ժամանակ Աբրահամյանը հայտարարեց, որ ձեռնարկությունը 400 աշխատատեղ կունենա, միևնույն ժամանակ ընդունելով, որ ժամկետների առումով խոստումը չի պահել: Մինչ այս պահը դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում, թե երբ է նախատեսվում բացել ձեռնարկությունը երկար սպասված 400 աշխատատեղով` դեռ հստակություն չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG