Մատչելիության հղումներ

Երիտասարդ բժիշկները առողջապահության ոլորտի առողջացմանն ուղղված առաջարկներ ունեն


Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը 100 կետից բաղկացած առաջարկ ունի ներկայացնելու կառավարությանն ու առողջապահության նախարարին:

Առողջապահության ոլորտի առողջացմանն ուղղված այդ առաջարկներից մի քանիսն այսօր հնչեցին, թեև դահլիճում չէր հասցեատերերից առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով խոստացել, բայց չէր եկել միջոցառմանը:

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի համակարգող Նարեկ Վանեսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երիտասարդ բժիշկներից շատ քչերն են գնում մարզային հիվանդանոցներ աշխատելու, որովհետև ո՛չ աշխատավարձն է համարժեք, ո՛չ սոցիալական պայմաններն են ապահովվում, ո՛չ էլ կարիերայի աճի հնարավորություն կա:

«Առաջարկը վերբերում է առհասարակ մարզերում աշխատող երիտասարդ կադրերի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմանը և շարունակական մասնագիտական կրթությանը, որովհետև հավատացեք՝ 70-80,000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդին այսօր անհնար է դրդել՝ 400,000 դրամ տա Բժշկական համալսարանում կամ մեկ այլ տեղ, անցնի վերապատրաստում, վերամասնագիտացում և այլն։ Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությունն այդ բանը վերցնի իր վրա», - մանրամասնեց Վանեսյանը։

Առողջապահության կազմակերպիչ Վանեսյանը պնդում է՝ պետպատվեր հատկացնելիս մարզային հիվանդանոցներին չպետք է մոռանալ, հակառակ դեպքում ամեն ինչ կենտրոնանում է միայն մայրաքաղաքում:

Երիտասարդ բժիշկ, գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը միջոցառման ընթացքում նշեց` երիտասարդ բժիշկները հիմնականում ո՛չ Հայաստանում, և ո՛չ էլ արտերկրում մրցունակ չեն: Հայաստանում, ըստ նրա, նաև մրցունակ չեն, որովհետև շուկան է փոքր ու հագեցած, իսկ արտերկրում չի գնահատվում Հայաստանում նրանց ստացած կրթության որակը։ - «Բժշկական համալսարանն ավարտած ամենափայլուն գնահատականներով բժիշկն անգամ չի կարող իր գիտելիքներով բավարարել Միացյալ Նահանգներում բժշկական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ քննության նվազագույն շեմը», - փաստեց բժիշկը։

Թեև նախորդ տարվա տվյալներով Հայաստանի բնակչության շրջանում մահացության կառուցվածքում սիրտանոթային հիվանդությունները զբաղեցնում էին առաջին տեղը` կազմելով մոտ 50 տոկոս, այդուհանդերձ բարձր լեռնային գոտի համարվող Վարդենիսի միակ քաղաքային հիվանդանոցում սրտի մասնագետ չկա: Հիվանդանոցի նորանշանակ երիտասարդ տնօրեն Հովհաննես Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ թերապևտն էլ 82 տարեկան է, եթե որոշի գնալ վաստակած հանգստի՝ «փոխարինող մասնագետ չունենք»։

XS
SM
MD
LG