Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ


Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին: Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն:

Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածում շինաաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին:

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007-ից մինչ օրս ավելի քան 180 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Կարեն Կարապետյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 20 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Վարդենուտ համայնքի «Ագաթ 777» ՍՊԸ-ի սպանդանոցում, որը գործում է 2015 թ.-ից: Նշվել է, որ սպանդանոցի կառուցման նպատակով Հունաստանի կառավարությունն ընկերությանը հատկացրել է ավելի քան 211 հազար դոլար, իսկ ընկերության կողմից կատարված ներդրումը կազմում է մոտ 450 հազար դոլար: Սպանդանոցն ունի երեք հոսքագիծ և մեկ հեթափոխում կարող է իրականացնել 40 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզերի մորթ:

Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելու: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը:

Այնուհետև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյուզալյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է և ՀՆԱ-ի 60 տոկոսը զբաղեցնում է այս ոլորտը: Մարզում ընթացիկ տարում մշակվել է 218 հազար հա հողատարածք, ինչը 2015-ի համեմատ ավելի է 600 հա-ով: Մարզպետի խոսքով՝ առաջնային խնդիր է արտադրանքի իրացումը, ոռոգելի տարածքների ավելացումը:

Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: - «Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզում առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG