Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում կայանատեղերի քանակը տասն անգամ պակաս է մեքենաների թվից


Երևանի կենտրոնով անցնող ճանապարհներին առկա ավտոկայանատեղիները շուրջ տասն անգամ պակաս են միայն Կենտրոն համայնքում գրանցված փոխադրամիջոցների թվից:

Քաղաքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են՝ Կենտրոն համայնքի փողոցներում առանձնացված է 3,242 կայանատեղ: Գերակշիռ մասը՝ 2725-ը, կարմիր գծանշումների միջոցով կազմակերպում է «Փարկինգ Սիթի Սերվիսը», 326-ը ծառայողական են, ևս 191-ն էլ հատկացված է տաքսիներին:

Չնայած, ըստ Ոստիկանության, Հանրապետությունում հաշվառված մեքենաների թիվը ոստիկանապետի հրամանով գաղտնի է, այդուհանդերձ, «Ազատությունը» Երևանի քաղաքապետարանից պարզել է, որ նախորդ տարի մայրաքաղաքում գույքահարկ է վճարվել ավելի քան 200 հազար փոխադրամիջոցի համար: Դրանց շուրջ 33 հազարը գրանցված են Կենտրոնում, ստացվում է՝ միայն այս համայնքում յուրաքանչյուր տասը մեքենային բաժին է ընկնում ընդամենը մեկ կայանատեղ:

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ազատությանն» ասաց, որ ներկայացված տվյալներն ամբողջական պատկերը չեն արտացոլում, Կենտրոնում կան նաև այլ կայանատեղեր, օրինակ՝ բակերում։ - «Բայց, իհարկե, գաղտնիք չէ, որ ավտոկայանատեղերը բավարար չեն ավտոմեքենաների քանակին Երևան քաղաքում, դա ակնհայտ է», - նշեց քաղաքապետարանի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Երկրորդը՝ այդ թվաքանակները, որ ձեզ ասել են, դա խոսքը վերաբերում է վճարովի, կահավորված ավտոկայանատեղերին, դա չի նշանակում բոլոր այն տեղերը, որտեղ թույլատրվում է կայանել, այդ թվում նաև բակային հատվածներին»։

Ճանապարհային երթևեկության խախտումների գործերով մասնագիտացած փաստաբան Արտակ Խաչատրյանի կարծիքով, եթե հաշվի առնվեն նաև այլ համայնքներից ու մարզերից ամեն օր մայրաքաղաքի կենտրոն եկող մեքենաները՝ ապա թիվը մի քանի անգամ մեծ կլինի․ - «Մոտ 300 տոկոսից ավել էլ փաստորեն պետք է գումարես, որոնք մուտք են գործում Երևանի բուն կենտրոն, և արդեն ոչ թե մեկին տասը տեղ է հասնում, այլ մեկին մոտ քառասուն մեքենա։ Բակերի 50 տոկոսից ավելին բոլորը արգելապատնեշներով փակված են ու այդ նույն բակերի բնակիչները առավոտյան գործի են գնում ու ոչ մեկին չեն էլ թողնում իրենց բակում կանգնել»։

Փոխքաղաքապետի խոսքով, խնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է կառուցել երկու ստորգետնյա ավտոկայանատեղ: - «Խոսքը վերաբերում է Սախարովի հրապարակում, Շահումյանի հրապարակի հատվածներում ստորգետնյա, մի քանի հարկանի կայանատեղերի կառուցմանը։ Մենք պատրաստել ենք ներդրումային փաթեթներ, բանակցում ենք ներդրողների հետ, որպեսզի մասնավոր ներդրողների կողմից այդտեղ կառուցվեն։ Դրանք յուրաքանչյուրը մոտ երեքից չորս հարյուր ավտոմեքենայի համար՝ բավականին բեռ կթեթևացնի», - նշեց Վահե Նիկոյանը։

Վարորդների իրավական աջակցության մեջ մասնագիտացած փաստաբանի պնդմամբ՝ երկու ստորգետնյա կայանատեղերը ընդհանուր խնդիրը չեն լուծելու: Տարիներ շարունակ մատչելի լուծումներ ենք ներկայացրել քաղաքապետարանին, բայց՝ անարձագանք, ասում է Խաչատրյանը․ - «Միակողմանի ճանապարհներին երկու կողմը կարող են կանգնել, մայթեր կան, որոնք կարելի է մի մասը սարքել գրպանիկներ, մայթեր կան՝ մի մասը ընդհանրապես հետիոտները չեն էլ անցնում այդ մասերով, կարելի է կորացումներ տալ, որ մեքենաները բարձրանան վրան։ Չխանգարող ավտոկայանատեղեր երկու-երեք անգամ ավելի շատ կան։ Իհարկե, դա վերջնական լուծում չէ, բայց դա ավելի լավ լուծում է, քան երկու տարուց Սախարովի հրապարակի ստորգետնյա կսարքեն՝ չեն սարքի ու քանի տեղանի կսարքեն»։

Մինչ քաղաքապետարանն ու փորձագետները լուծումների մասին են մտածում, քաղաքացիներն ու հատկապես տաքսիների վարորդները բարձրաձայնում են՝ ամեն օր ժամեր են ծախսում կենտրոնում կայանման տեղ գտնելու համար, հետո էլ տուգանվում սխալ կայանման պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG