Մատչելիության հղումներ

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրված Վալերի Պերմյակովը հրաժարվել է մասնակցել Վերաքննիչ դատարանի նիստերին՝ լիազորությունը փոխանցելով իր պաշտպան Էդուարդ Աղաջանյանին։

Դատարանում Աղաջանյանը փոխանցեց նաև, որ նոյեմբերի 16-ին ռուսական 102-րդ ռազմաբազայում տեսակցել է Պերմյակովին, վերջինս արդեն ծանոթ է տուժող կողմի բողոքարկումներին, համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքին և վստահեցնում է, որ սպանությունն իրականացրել է միայնակ։

«Եվս մեկ անգամ նշել է, որ ինքը չի ցանկանում բողոքարկել վճիռը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում և գործել է միայնակ: Դրա վերաբերյալ ներկայացրել է համապատասխան դիմում», - նշեց Ազաջանյանը:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները չառարկեցին նիստն առանց Պերմյակովի անցկացնելու դեմ:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը իր վերաքննիչ բողոքում պնդում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, իսկ նախաքննության փուլում անտեսվել են մի շարք փաստարկներ, որոնք կարող էին բացահայտել սպանության դրդապատճառները․ - «Պերմյակովին պատկանող բանկային քարտի համարին փոխանցումներ կատարված լինելու հանգամանքը ճշտելու արդյունքում կարող էր բացահայտվել նաև սպանության հնարավոր շարժառիթը կամ սպանության հնարավոր պատվիրատուն»:

Սոցիալական կայքերում Պերմյակովի անձնական օգտագործման էջին եկած նամակներից մինչև նրա ներքանզգեստի վրա հայտնաբերված արյան հետքեր․ պաշտպան Սաքունց իր բողոքն հիմնավորում է այս ու մի շարք այլ հանգամանքներով։ Նրա պնդմամբ՝ դատարանը մերժել է նաև իրենց միջնորդությունը մի շարք կարևոր վկաների հարցաքննելու համար։

Դատավորները Սաքունցից հետաքրքվում են՝ ի՞նչ այլ հանգամանքներ կան, որոնք, ըստ պաշտպանի, պետք է վերանայվեն գործի շրջանակում։ Սաքունցն արձագանքեց․ - «Վերջին հաշվով, ինչի՞ համար էդ մարդը դուրս էկավ: Վեց հազար դրամով Թուրքիա գնալը դա սպանության շարժառիթ չի»:

Դատական նիստի երկրորդ հատվածում Ավետիսյանների իրավահաջորդները ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը հիմնավորումներ ներկայացեց առ այն, որ վերաքննիչը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել է Ռուսասատանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջը։

Կիվիրյանի պնդմամբ, դատարանը խախտել է օրենքն ու նիստի ժամանակ տուժող կողմի հայցը վարույթ ընդունելով ու սահմանելով պատասխանողներին, մեկ ամիս անց մերժել է դրա քննությունը․ - «Քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, որ դատարանը իրավասու է կայացնել իր կողմից նախկինում կայացված որոշմանը հակասող մեկ այլ որոշում»:

«Մենք ասում ենք՝ Ռուսաստանի Դաշնությունն ա իրավունքի խախտում թույլ տվել, Հայաստանի Հանրապետությունն ասում ա՝ չէ, չկպնեք մեր գործընկերոջը․․․ Ռուսաստանի Դաշնությանը բան չասենք, էս կյանքի իրավունքի խախտումը Հայաստանի Հանրապետությունը կվերցնի իր վրա»:

Կիվիրյանը դատարանին առաջարկեց նաև իրենց բողոքի գրավոր տեքսը թարգմանված ուղարկել պատասախանող կողմին, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությանը։ Պաշտպանը պնդում է, որ եթե վերաքննիչը բավարարի իրենց հայցը, ապա համապատասխան պատասխանատվության պետք է կանչվի պատասխանող կողմը։ Բայց դատարանն այս միջնորդությունը չընդունեց։ Լսելով տուժող կողմի ներկայացուցիչներին՝ ավարտեց քննարկումներն ու հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերին 5-ին։

XS
SM
MD
LG