Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ղեկավարը, օտարերկրյա լրագրողների հետ զրույցում, պատասխանել է Ադրբեջանին ուղղված քննադատությանն ու կշատամբանքներ հնչեցրել Արևմուտքի հասցեին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զանգահարելուց և շնորհավորելուց հետո, Բաքում օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գովեստի խոսքեր է շռայլել Թրամփի հասցեին:

Բաքվում ընթանում է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի լրատվական գործակալություների կազմակերպության հերթական համաժողովը: Հինգշաբթի Ալիևը հանդիպում է ունեցել այդ համաժողովի մի խումբ մասնակիցների հետ, որի ընթացքում, մասնավորապես, հայտարարել է՝

«Ադրբեջանը հաջողություններ է ցանկանում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Իմ անձնական կարծիքը նրա մասին շատ դրական է: Հակառակ ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքներին, հակառակ ամերիկյան առաջատար մամուլի սպասումներին, հակառակ նրա դեմ ագրեսիվ քարոզարշավին, Ամերիկայի ժողովուրդը նրան մեծ աջակցություն հայտնեց, և նա հաղթեց ընտրություններում: Այս ընտրություններում հաղթելու համար նա պարտական է միայն ինքն իրեն: Նա մեծ հարգանքի է արժանաի»,- Թրամփին գովաբանել է Իլհամ Ալիևը, հույս հայտնելով, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև կապերն առաջիկա տարիներին, Թրամփի նախագահության օրոք, հաջողությամբ կզարգանան:

«Համագործակցության շատ ոլորտներ կան, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ: Աշխարհը նույնպես մեծ ակնկալիքներ ունի նրա քաղաքականությունից: Ադրբեջանը Թրամփին հաջողություններ է մաղթում: Ես գտնում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը գնահատում է ընտրություններում նրա հաղթանակը»,- արտասահմանյան լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է Ալիևը:

Նա պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: Հարցին, թե նրա երեխաներն արդյո՞ք ապագայում ներգավվելու են քաղաքականության մեջ, Ալիևը պատասխանել է՝ դա կախված է նրանց ցանկություններից և պլաններից: «Եթե նրանք ցանկանան իրենց ապագան կապել քաղաքականության հետ, ապա դա կլինի իրենց ընտրությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը, շեշտելով, որ իր երկու դուստրերը զբաղվում են լրագրությամբ, իսկ որդին սովորում է Բաքվի համալսարանում:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի ներկայացուցիչը հարց է ուղղել Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի մասին: Ի՞նչ քայլեր են կատարվում Ադրբեջանում մամուլի ազատությունների հանդեպ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու համար, հարց է տվել AP-ի ներկայացուցիչը՝ հիշեցնելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության և ռադիոկայանի՝ Բաքվի գրասենյակի փակման մասին:

Իլհամ Ալիևին զայրացրել է այդ հարցը՝ «Ինչպե՞ս կարելի է խոսել Ադրբեջանում մամուլի սահմանափակումների մասին այն դեպքում, երբ երկրում ազատ ինտերնետ կա, բնակչության 75 տոկոսը օգտվում է ինտերնետից, սոցանցերում՝ «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում Ադրբեջանից 2 միլիոն օգտատեր կա գրանցված»,- պատասխանել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա ասել է, թե սխալ է, երբ Ադրբեջանին քննադատում են մամուլի կամ այլ ազատությունների, մասնավորապես, հավաքների ազատությունները սահմանափակելու համար: Ալիևը հետևյալ օրինակն է բերել՝ ամռանը ընդդիմությունը հանրահավաքներ էր անցկացնում, բայց երեկ Հեյդար Ալիևի անվան կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը ավելի շատ մարդ կար, քան ընդդիմության հանրահավաքներում:

Նա պնդել է, որ Ադրբեջանն ամբողջովին ապահովում է մամուլի ազտությունը, իսկ լրագրողների բանտարկությունների մասին հարցին պատասխանել է՝ շատ երկրներում են լրագրողների կողմից հանցագործությունների դեպքեր լինում, պետք է հարցին օբյեկտիվորեն մոտենալ, որևէ երկրի չպետք է հարձակումների թիրախ դարձնել: Քննադատելով Արևմուտքին, նա պատասխան հարց է ուղղել՝ իսկ Ջուլիան Ասանժը Լոնդոնում ինչու՞ է երկու տարի շարունակ թաքնվում Էկվադորի դեսպանատանը:

Միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները բազմիցս քննադատել են Աբրբեջանին մամուլի և քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակելու համար: Այդ խնդրով բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել, նշվել են տասնյակ լրագրողների, իրավապաշպանների, քաղաքացիական ակտիվիստների անուններ, որոնք շինծու մեղադրանքներով ենթարկվել են հետապնդումների:

Հենց այսօր Ադրբեջանի գերագույն դատարանը մերժեց «Ռելա» շարժման ղեկավար Իլգար Մամեդովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան ազատ արձակելու դիմումը: 2013-ին նա ձերբակալվել էր անկարգություններ հրահրելու շինծու մեղադրանքով և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման: 2014-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը անօրինական էր ճանաչել Մամեդովի կալանավորումը և Ադրբեջանին կոչ արել՝ նրան ազատ արձակել: Բայց Ադրբեջանն անտեսել է այդ որոշումը:

Երեկ, նոյեմբերի 17-ին, հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը, ում հաջողվել է բանտարկությունից հետո հեռանալ երկրից, հրապարակել է ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկը, որում ներառված են 160 անուններ: Լեյլա Յունուսը նշել է, թե համոզված չէ, որ քաղաքական բռնաճնշումների ենթարկված բոլոր մարդկանց անուններն են ներառված ցանկում, քանի որ, ինպես գրել է Յունուսը, «Ադրբեջանում բռնաճնշումները, հետապնդումները շարունակվում են ամեն օր, ամեն ժամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG