Մատչելիության հղումներ

Առաջարկվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։

Ըստ հաղորդագրության, խումբը նախարարին է ներկայացրել երեք կետից կազմված հետևյալ եզրակացությունը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման, տեխնիկական զննության հաշվառումը իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները և հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային եղանակով, սահմանել վարչական պատասխանատվություն ձևական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

ՏԿՏՏՆ նշում է, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման կարգի նախագծի վերաբերյալ քննարկումն աշխատանքային խումբը որոշել է տեղափոխել հաջորդ նիստին` հաշվի առնելով, որ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի կողմից առաջարկվում են ոլորտը կարգավորելու նոր պայմաններ և պահանջներ:

«Մինչ այդ նախարարությունը կհստակեցնի իր դիրքորոշումը և խմբի քննարկմանը կներկայացնի ոլորտի հետագա կարգավորմանն ուղղված իր քաղաքականությունը», - փոխանցում է նախարարությունը՝ նշելով, որ նոր պայմաններն ու պահանջները վերաբերում են ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների նկատմամբ մաշվածության սահմանափակում սահմանելուն, դեղին հիմնագույնի համարանիշները վերականգնելուն, մարդատար - տաքսի ծառայությունների մատուցման ձևից անկախ (առցանց (օնլայն) կամ դասական ձևով) գործունեության հավասար պայմաններ սահմանելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG