Մատչելիության հղումներ

Պետդումայի հանձնաժողովը հավանություն տվեց ռուս-հայկական ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագրին


Պետդումայում ԱՊՀ երկրների հարցերով գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել ռուս-հայկական համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ստեղծելու պայամանգրի վավերացմանը։ Օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Նախատեսվում է, որ այդ պայմանագրի վավերացան հարցը Պետդումայի լիագումար նիստում կդրվի մոտ ապագայում՝ դեկտեմբերի 2-ին։

Այս պայմանագիրը ստորագրվելէ Մոսկվայում՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուիև Հայաստանի նախկին պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի կողմից։

Այս փաստաթուղթը սահմանում է հակաօդային պաշտպանության համատեղ միավորված համակարգի իրավական հիմքերը, գործողությունների, խնդիրների որոշումը, համակարգի կիրառման կարգը։

Օրինագծին կցված պարզաբանման մեջ նշված է, որ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միավորված համակարգի հիմնական խնդիրներն են՝ մարտական հերթապահության կազմակերպումը և իրականացումը, համակարգը մարտական կառավարման մեջ պահելը, սպառազինությունները և ռազմական տեխնիկան կիրառման համար միշտ պատրաստ վիճակում գտնվելը։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նախատեսված է, որ Ռուսաստանի և Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի համատեղ գործողությունները համակարգելու է Ռուսաստանի Դաշնության ռամաօդային և տիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ համատեղ գործողությունների ընդհանուր հրամանատարությունը դրված է Ռուսաստանի հարավային օկրուգի զորքերի հրամանատարի վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պետդումայի ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտերգրման և հայրենակիցների հետ կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը երեկվա նիստում ասել է. - «Հայաստանը միշտ եղել է մեր գործընկերը և դաշնակիցը կովկասյան տարածաշրջանում։ Պայմանագրի վավերացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության պետական շահերին»։

Հիշեցնենք, որ այս պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ամռանը՝ հունիսի 30-ին։

Մինչ Ազգային ժողով հասնելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գարնանն այն ներկայացվել էր Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանն էլ որոշել էր, որ պայմանագրի դրույթները Հայաստանի Սահմանադրությանը չեն հակասում։ Հիմա, փաստորեն, Ռուսաստանի խորհրդարանն է սկսում այդ համաձայնագիրը վավերացնելու գործը։

Հիշեցնենք, որ ճանապարհին է նաև հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու գործընթացը։

XS
SM
MD
LG