Մատչելիության հղումներ

Օբաման այսօր հանդիպում է Եվրոպայի լիդերներին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Բեռլին, 17 նոյեմբերի, 2016թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Բեռլին, 17 նոյեմբերի, 2016թ.

Այսօր Բեռլինում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդիպում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին:

Օբաման օթևանում է Բեռլինի խորհրդանշան Բրանդենբուրգի դարպասի մոտակայքում գտնվող «Ադլոն» հյուրանոցում:

Այսօր «Ադլոն»-ում նախատեսված է պաշտոնական ճաշկերույթ։ Հյուրերի թվում են Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ում Ամերիկայի նախագահն անվանել է աշխատանքային տարիների ընթացքում իր «ամենամտերիմ գործընկերը միջազգային ասպարեզում»։

Բարձրաստիճան հյուրերի թվում կլինեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Իտալիայի և Իսպանիայի վարչապետեր Մատեո Ռենցին և Մարիանո Ռախոյը:

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բեռլինյան քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթին, «Իսլամական պետության» դեմ պայքարին, Տրանսատլանտյան առևտրին, իսկ կենտրոնական թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Տրանսատլանտյան հարաբերությունների հարցն է:

Թրամփը նոյեմբերի 8-ին է ընտրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Նախընտրական շրջանում մեծահարուստ հանրապետականը մի քանի անգամ որոշակի հեգնանքով է խոսել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին և միաժամանակ գովել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Արդյո՞ք Թրամփի ընտրությունը շրջադարձային ազդեցություն կգործի ամբողջ միջազգային հարաբերությունների ասպարեզում: Բարաք Օբաման այդ կապակցությամբ ասել է, որ իր և ընտրյալ նախագահի դիրքորոշումներում կա ակնհայտ տարբերություն։ Օբամայի խոսքով՝ «բայց ամերիկյան դեմոկրատիան ավելին է, քան՝ մեկ անձը»:

Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը սպառվում է գալիք տարվա հունվարի 31-ին: Այսօր Բեռլինում արևմտյան լիդերները կարող են ընդունել պատժամիջոցները երկարաձգելու որոշում:

Ավելին, նրանք կարող են համաձայնեցնել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան Սիրիայում ռուսների գործողությունների:

Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն այս նախաձեռնությունների վերաբերյալ դեռ հայտնի չէ:

XS
SM
MD
LG