Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ջերմոցային տնտեսությունների զարգացման խնդիրները


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին` ոլորտին առնչվող առկա խնդիրները քննարկելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում են հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու և գույքագրելու բոլոր առկախված խնդիրները: Նախարարը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է, և ՀՀ կառավարությունը ոլորտը խթանելու նպատակով վերջերս ընդունեց գազի սակագնի նվացեզման որոշում, որը կնպաստի, որպեսզի առավել արդյունավետ գործունեություն ծավալվի, և արտադրանքի գները դառնան առավել մրցակցային:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ջերմոցատերերը ներկայացրել են պետության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք կնպաստեն ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը: Մասնավորապես բարձրացվել են ձմեռային սեզոնին գազի վարձավճարների հետաձգմանը, էժան ֆինանսական միջոցների ներգրավմանը, աշխատուժի բացակայությանը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, պտուղ-բանջարեղենի մաքսազերծմանը, մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումներ իրականացնելուն առնչվող և այլ հարցեր:

Նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները լրացուցիչ կքննարկվեն պատասխանատուների հետ, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնան` գտնելու առկա խնդիրների առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG