Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը, մասնավորապես նշելով, որ զորմիավորումը նորություն չէ, և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։

«Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցը վարող Դմիտրի Կիսիլյովի ճշտող հարցին, թե ո՞րն է այդ դեպքում նորությունը, Սարգսյանը պատասխանել է. - «Բայց սա զարգացում է, դրական զարգացում, որովհետև պարբերաբար համալրվում է նաև մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, և մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»։

Սարգսյանը ավելացրել է, թե չի կարծում, որ Գյումրիից բացի նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի: - «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն», - նշել է Հայաստանի նախագահը։

Օրեր առաջ այս զորամիավորման ստեղծման մասին հայտնի դարձավ ռուսական պաշտոնական աղբյուրից, ըստ որի Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին և հանձնարարել է հայկական կողմի հետ բանակցել և ստորագրել այն։

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն այս նախաձեռնության մասին միայն մամուլից է տեղեկացել։ - «Իրականում պետք է նման բան անելուց առաջ ոչ թե մենք իմանանք Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարականից, այլ պետք է Հայաստանում իմանանք, պետք է հանրային քննարկումներ լինեն, պետք է համապատասխան շահագրգիռ մարմինները բացատրեն, թե դա ինչ է նշանակում, ինչի համար է դա արվում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը:

Համենայնդեպս, երբ այս փաստաթուղթն ի վերջո ներկայացվի օրենսդիրների դատին, Մարուքյանը դեմ կքվեարկի դրան, քանի որ, ըստ նրա, նման համատեղ ծրագրերը հարվածում են երկրի ինքնիշխանությանը․ - «Համատեղ սահմանը հսկելը, համատեղ ունենալ ինչ-որ խմբավորում, որի ենթակայությունը պատերազմի ժամանակ ռուսական է, խաղաղ ժամանակ, իբր թե, հայկական: Նմանատիպ համատեղ բաներին ես դեմ եմ և դա կապ չունի՝ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, թե որևէ մի այլ երկրի: Հնարավոր է, որ մի օր էլ կանգնեն՝ ասեն, թե՝ տեսնում եք, ամեն ինչը մեզ մոտ համատեղ է, եկեք մի անգամից դառնանք մի երկիր և պրծնենք այս անկախության ցավից»:

Պատգամավորին անհանգստացնող կետը, թե խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ կախված իրավիճակից՝ նաև «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին», մեկնաբանում է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․ - «Եթե այսօր իրականացնում է հրամանատարությունը հայկական կողմից, կոնկրետ հրամանատարը գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է, ապա կիրառման դեպքում, Ասված մի արասցե, որ գործը դրան հասնի, այնտեղ շատ բայցեր կան՝ կկիրառվի՞ արդյոք, ի՞նչ ծավալով, ի՞նչ խորությամբ, ի՞նչ մարտական գործողությունների խնդիր կարող է առաջանալ: Դուք շատ լավ հասկանում եք, որ սա կոնկրետ հայ-թուրքական սահմանին է վերաբերում, այնպես որ հստակ բաներ՝ դոկտրինալ առումով, հիմա նշել չեմ կարող»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանին նաև մեկ այլ հարց է հուզում. Ի՞նչ է նշանակում «Կովկասյան տարածաշրջանում կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվող զորախումբ»։ - «Եթե, ասենք, Վրաստանի տարածքում Ռուսաստանը պրոբլեմներ ունենա, ի՞նչ է դա նշանակում Հայաստանի բանակի համար: Հայաստանի այդ միասնական միավորումը պիտի մասնակցի՞ այդ խնդիրներին, թե՞ ոչ», - հարցնում է նա:

Այս հարցը Արծրուն Հովհաննիսյանը քաղաքական է համարում, այնուամենայնիվ պնդում է՝ նման մտագոհություն չպետք է լինի․ - «Բազմիցս այդ հարցը առաջացել է և հայկական կողմը այդ առումով հստակ քաղաքականություն է դրսևորել, որ որևէ հակավրացական քայլ տեղի չի ունենա, ինչի լավագույն օրինակը 2008 թվականը եղավ»:

Զորախումբը ոչ միայն հակավրացական, այլև հակաադրբեջանական նշանակություն չի ունենա՝ կարելի է եզրակացնել Հովհաննիսյանի խոսքերից, ով նշում է, որ Ադրբեջանի հետ խնդիրները Հայաստանն ինքն է լուծում։ Հայկական կողմի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս զորախումբը հիմնականում ուղղված է լինելու հետխորհրդային տարածքի արտաքին սահմաններից եկող հնարավոր վտանգների, այդ թվում Թուրքիայի դեմ. - «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, ՀԱՊԿ-ից առանձին, իհարկե, ուղղված էր տարածաշրջանային մարտահրավերներին և բազմիցս մենք նշել էինք, որ կոնկրետ Ադրբեջանի մասով այստեղ խնդիր չկա, մենք ինքներս Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուծում ենք: Ռուսական համագործակցությունը մեզ հետ առաջին հերթին հարկավոր է աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային մարտահրավերների համար»:

XS
SM
MD
LG