Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատար․ Հայաստանի ու ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն հաջորդ տարի


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 17-ը նոյեմբերի, 2016 թ․
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ մամուլի ասուլիսում: Երևան, 17-ը նոյեմբերի, 2016 թ․

Հայաստանն ու Եվրամիությունը հաջորդ տարի կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները և պատրաստ կլինեն այն ստորագրել․ այսօր Երևանում հայտարարեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպումից հետո բարձրաստիճան դիվանագետները հանդիպեցին լրագրողներին:

«Հույս ունեմ, որ մենք կարող ենք ավարտել բանակցությունները շատ շուտով՝ հաջորդ տարի, որից հետո, անշուշտ, մենք պետք է անցենք անրաժեշտ ընթացակարգով», - ասաց Յոհաննես Հանը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Երևանի ու Բրյուսելի միջև անցած տարվա դեկտեմբերին մեկնարկած բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել․ - «Երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, և հուսով ենք, որսշ իմաստով էլ նաև վստահ ենք, որ ներքին համաձայնեցման այդ գործընթացը արագ կլինի, և Եվրամիությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը»:

Ըստ Նալբանդյանի, նոր շրջանակային համաձայնագրում Հայաստանն ու Եվրամիությունը ցանկանում են ընդգրկել այն առավելագույնը, ինչի շուրջ կկարողանան պայմանավորվել․ - «Վիլնյուսի գագաթաժողովից առաջ հանձնակատար Էշթոնի հետ․․․ Հայաստանի արտգործնախարարը և Էշթոնը փոխանակեցին նամակներ, որտեղ հստակ նշվում էր թե՛ մեր կողմից, թե՛ նաև Եվրոպական միության կողմից, որ, այո, մենք պատրաստ ենք գնալ բոլոր ուղղություններով՝ ինչքան հնարավոր է խորը և հեռու մեր համագործակցության, փոխգործակցության շրջանակները ընդլայնելով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:

Գրեթե չորս տարի՝ 2009-2013 թվականների ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը բանակցեցին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն բանակցությունների ավարտից հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանաի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անակնակալ հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր հետ կանգնել Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից և չստորագրել տարիների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը:

Նման շրջադարձից հետո պահանջվեց ավելի քան երկու տարի մինչև Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ:

Այսօրվա ասուլիսին Յոհաննես Հանից հետաքրքրվեցինք՝ Brexit-ից հետո Եվրամիությունում ստեղծված իրավիճակը կարո՞ղ է բացասաբար ազդել Բրյուսելի Արևելյան գործընկերության վրա:

«Անկեղծ ասաց, չեմ կարծում, թե Brexit-ի հանրաքվեն կարող է ազդել մեր արևելյան գործընկերների հետ հարաբերությունների վրա: Ռազմավարական ընկալում կա, որ դրանք մեր շատ կարևոր հարևաններն են, և մենք համագործակցում ենք ու կհամագործակցենք նրանց հետ: Վերջերս մեկ անգամ ևս այս մոտեցումը աջակցություն ստացավ Եվրամիության բոլոր 28 անդամ պետությունների արտգործնախարարարների, ներառյալ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կողմից», - արձագանքեց եվրոպացի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG