Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունում քննարկում են, թե ինչպես կարող են աջակցել արտադրողին:

Արդեն երկու օր է «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը: Երևանյան խանութներում և սուպերմարկետներում այսօր արդեն ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար։

Շուկայում գերիշխող դիրք ունեցող այս խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Պատճառների մասին ընկերությունը ոչինիչ չի հաղորդում, մեկնաբանություններից հրաժարվում են։ Իսկ կլուծարվի՞ արդյոք «Աշտարակ կաթ»-ը, «Ազատության» այս հարցին ընկերության իրավաբան Արմեն Ումրշատյանը պատասխանեց՝ «Ընկերությունը լուծարված չէ։ Աշխատողները գտնվում են աշխատավայրում և շարունակում են իրենց գործունեությունը»:

Ումրշատյանը դժվարացավ նշել կուտակված պարտքերի ընդհանուր ծավալը։ Բայց այն, որ այդ թիվը միլիոնավոր դրամների է հասնում, մեզ հետ զրույցում հավաստեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը։ Ասում է՝ ընկերությունից խոստացել են, որ Ճամբարակի արտադրամասում կուտակված պանիրը հենց վաճառեն, պարտքերը կմարեն։ «Քանի որ աշխատավարձ չեն վճարել, աշխատողներն էլ չեն աշխատում։ Ուղղակի հույս ունեն, որ այդ կուտակված պանիրը կվաճառեն ու իրենց պարտքերը կտան»,- ասաց Ավալյանը:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում է կաթնամթերքի շուկայի 40 տոկոսը: Հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանն ասում է՝ շուկայի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մրցակցային տեսանկյունից ոլորտում խոչընդոտներ չկան։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ շուկայում հիմնական խնդիրները կապված են ֆինանսական միջոցների ներգրավման, մասնագիտական աշխատուժի հետ, առկա են ենթակառուցվածքների թերզարգացվածության խնդիրներ և այլն»,- ասաց Արման Մանասերյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, թե տեղյակ են ընկերության խնդիրների մասին։ Այս պահին էլ քննարկում են, թե ինչպես կարող է կառավարությունն աջակցել արտադրողին։ «Եթե կառավարությունը տեսնի այնպիսի մեխանիզմներ, որոնք կախված են իրենից, և այդպիսի մեխանիզմների գործադրումը թույլ կտա նպաստել կազմակերպության բնականոն գործունեությանը, ապա մենք պատրաստ ենք այդպիսի քայլեր քննարկել և աջակցել»,- ասաց փոխնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG